Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այդ կուսակցությունը կդառնա փոքրամասնություն»

Քաղաքականություն
ac481664eacd0e285e15264fdf0016ab

«Բարեւ Երեւան» դաշինքի միակ մրցակիցը մայիսի 5-ի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն է՝ իր կեղծարարությամբ։ Սա «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի կարծիքն է. «Մենք մրցավազքի ենք դուրս եկել դոպինգ օգտագործած ուժի՝ ՀՀԿ-ի հետ, որին պիտի դուրս մղել գործընթացից ու հանրային կյանքից: Այս կուսակցությունը շուտով պիտի դառնա փոքրամասնություն»:

Անդրադառնալով այն տեսակետներին, թե «Բարև Երևան» դաշինքն ավագանու ընտրություններին չի կարող գրանցել այն արդյունքը, ինչ նախագահական ընտրություններին, քանի որ այս անգամ մասնակցում են այն քաղաքական ուժերը, որոնք նախագահական ընտրություններին չեն մասնակցել, Զարուհի Փոստանջյանն ասաց. «Այստեղ, բացի կուսակցության անդամներից, ընդգրկված են նաև երևանցիներ, ովքեր մեծ ավանդ են ունեցել Երևանի համար, և մենք կապացուցենք, որ քաղականության մեջ լուրջ դերակատարություն ունենք»:

Խոսելով այն մասին, թե արդյո՞ք «Ժառանգությունը» չի պատրաստվում դուրս գալ ԵԺԿ-ից, քանի որ, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն էր հայտարարել, ԵԺԿ նախագահի կողմից Սերժ Սարգսյանին շնորհավորելը «Ժառանգության» հետագա համագործակցության վերաբերյալ մտածելու տեղիք է տալիս, տիկին Փոստանջյանն ասաց. «Այո, ԵԺԿ-ից հնարավոր դուրս գալու հայտարարություն եղել է՝ կապված Մարթենսի հարցազրույցի հետ, բայց մենք չգիտենք՝ դա պաշտոնական կարծիք է, թե իր անձնականը: Փորձեցի պարզել սա պաշտոնական տեսակետ է կամ ինչ-որ շահագրգռվածության ներքո արված հայտարարություն, բայց որևիցե մեկը չստանձնեց պարտավորություն ասելու, որ դա պաշտոնական տեսակետ է»:


Տիկին Փոստանջյանն անդրադարձավ նաեւ ԵԽԽՎ-ում Հայոց ցեղասպանության մասին բանավոր հայտարարությանը և ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցին:

Հայոց ցեղասպանության մասին բանավոր հայատարաության մասին, նա ասաց. «Այս փաստը պարտադիր պիտի հնչեր, քանի որ եթե մենք այսպիսի փաստ չդնեինք շրջանառության մեջ, ոչ ոք դա չէր անի: Իմ ելույթում էլ նշեցի, որ ԵԽԽՎ-ն ունի երկակի ստանդարտներ: Երբ մուտք ես գործում այս շենքն ու պալատը, տեսնում ես, որ Հոլոքոսթի զոհերի հիշատակին հուշարձան կա: Բայց այդպիսի հուշարձան չկա Հայոց ցեղասպանության զոհերի և Օսմանյան կայսրությունում զոհված քրիստոնյաների հիշատակի համար: Մինչդեռ Թուրքիան նույնպես անդամ պետություն է, և չպետք է կիրառվեն այսպիսի երկակի ստանդարտներ»:

Զարուհի Փոստանջյանը Վեհաժողովին առաջարկել էր մի հուշարձան տեղադրել նաև Հայոց ցեղասպանության և Օսմանյան կայսրությունում այլազգի զոհերի հիշատակին. «Դա արարողակարգային խնդիր է, և նախապես պիտի համաձայնեցնել ՀՀ դեսպանատան հետ: Ուստի մեզ անգամ թույլ չտվեցին ծաղիկներ դնել հուշարձանին, ինչը մենք արեցինք երեկոյան կազմակերպված միջոցառման ժամանակ՝ նվիրված Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների զոհերի հիշատակին»:

Զարուհի Փոստանջյանը ասուլիսի էր եկել փոքրիկ դստեր հետ։