«Իմ սեփականության ցանկը կտրուկ չի փոխվել»
Հարցազրույց ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի հետ.
- Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան Ձեր հայտարարագրված եւ չհայտարարագրված ունեցվածքի մասին: Դուք որեւէ կերպ չարձագանքեցիք: Ձեր չհայտարարագրված ունեցվածքի մասին հրապարակված ցանկում եղած «օբյեկտները» իսկապե՞ս Ձեզ են պատկանում: Ի դեպ, Ձեր հայտարարագրած ունեցվածքն էլ բավականին ներկայացուցչական է: Ինչպե՞ս եք հասցրել այդ ամենը կուտակել, մանավանդ, որ գործարարությամբ չեք զբաղվել. եղել եք Ավան համայնքի ղեկավար, փոխքաղաքապետ եւ քաղաքապետ:
- Այս հարցի շահարկումը նույնպես կոմպրոմատների շարքից է: Որպես Ավանի թաղապետ՝ սկսած 2005 թվականից հայտարարագրում եմ իմ ունեցվածքը: Իր ունեցվածքը հայտարարագրում էր նաեւ իմ հայրը՝ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նախկինում երբեք այդ ունեցվածքը չի դարձել հանրային ուշադրության, քննարկման կամ շահարկման թեմա: Անթույլատրելի եմ համարում այս հարցի շահարկումները, հատկապես, որ Երեւանի քաղաքապետ կամ փոխքաղաքապետ եղած տարիներին իմ սեփականության ցանկը կտրուկ չի փոխվել: Նման խնդիրներով «խիստ» մտահոգվողները պետք է ուշադրություն դարձնեն, որ մյուս թեկնածուները եւս ազնիվ լինեն հայտարարագրեր ներկայացնելու հարցում, որովհետեւ երբեմն հայտարարագրում նշված ունեցվածքի ու իրական կարողության միջեւ մեծ խզում է լինում:
- Ինչո՞ւ քարոզարշավը տարվեց Ձեր անձի շեշտադրմամբ եւ ոչ թե կուսակցության: Կարծում եք՝ ՀՀԿ-ի ներկայիս ոչ բարենպաստ իմիջը կխանգարե՞ր Ձեզ:
- ՀՀԿ-ն այն բացառիկ ուժերից է, որը հայտարարում է, թե ով է լինելու Երեւանի քաղաքապետը՝ իր հաջողության հասնելու պարագայում: Մեր շատ քաղաքական մրցակիցներ այս հարցի պատասխանը հստակ չեն ներկայացրել հասարակությանը: Այո, իմ ընկերներն ասում են, որ իմ անձնական վարկանիշը որոշ դեպքում ավելի բարձր է, քան կուսակցության քաղաքական վարկանիշը: Բայց ես ՀՀԿ անդամ եմ, կուսակցության Երեւանի կառույցի պատասխանատուն եւ պարտավորություն ունեմ իմ գործունեությամբ նպաստելու կուսակցության վարկանիշի բարձրացմանը: Ամեն կուսակցություն ունի իր քարոզչական ռազմավարությունը: Եթե Երեւանի ավագանու քարոզարշավն ավելի շատ կառուցվում է իմ անձի շուրջ, դա չի նշանակում, թե կուսակցության գործերը վատ են: Դա ընդամենը նշանակում է, որ մենք ավելի բաց ու ազնիվ ենք: Չմոռանանք, որ ես ընտրության եմ գնալու մեծ թիմով, ավագանու ցուցակով. նրանք միշտ ուղեկցում են ինձ նախընտրական հանդիպումների ժամանակ: Ես պատիվ եմ համարում այդ թիմը գլխավորել:
Ամբողջական հարցազրույցը կարդալ այստեղ