Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գարեգին Նժդեհ»-ը՝ վանքի տարածքում

Հասարակություն
23807e0e039c01d6d4261e4615f19178

«Տաթեւյան պրեմիերա» նախագծի շրջանակներում Տաթեւի վանքի տարածքում տեղի ունեցավ «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը:

«Տաթեւյան պրեմիերան» միջոցառումների շարք է, որն իրականացվում է «Տաթեւ» հիմնադրամի եւ «ՏաԹեւեր» ճոպանուղին կառավարող ընկերության կողմից Տաթեւի վանական համալիրի շրջակայքում գտնվող 6 գյուղերի (Տաթեւ, Հալիձոր, Խոտ, Տանձաթափ, Շինուհայր, Սվարանց) բնակիչների համար:

«Տաթեւյան պրեմիերայի» շրջանակներում վանական համալիրի եւ «Տաթեւի դարպասներ» տուրիստական գոտու շրջակայքում նախատեսվում է ցուցադրել Հայաստանում հայազգի կինոմատոգրաֆիստների գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմերը: Հատուկ ծրագիր է նախատեսված Տաթեւի շուրջ գտնվող գյուղերի պատանի բնակիչների համար:

«Պանարմենիան Մեդիա Գրուպի» նկարահանած «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը «Տաթեւյան պրեմիերա» նախագծի շրջանակներում իրականացվող փորձնական կինոդիտումն էր:

1921 թ. ապրիլի 27-ին Տաթեւի վանքում տեղի ունեցավ Համազանգեզուրյան երկրորդ համագումարը, որն անկախ Սյունիքը հռչակեց Լեռնահայաստան:

Տաթեւում կայացած միջոցառմանը ելույթ ունեցան Հալիձորի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Գարեգին Հովակիմյանը, ֆիլմում Գարեգին Նժդեհի դերակատար Շանթ Հովհաննիսյան, երգի եւ պարի «Մարաթուկ» ազգագրական համույթը:

«Մեզ համար մեծ պատիվ է ներկայացնել ֆիլմն այստեղ, հենց այս պատմական օրը: Փորձել եմ առավելագույն կերպով տրվել դերիս ու մեծ պատասխանատվությամբ եմ կերտել մեծ հայի կերպարը: Անկեղծ եմ եղել ու զերծ մնացել պայմանականություններից», - ասել է Շանթ Հովհաննիսյանը:

Միջոցառումը ուներ նաեւ չնախատեսված հյուր` աշխարհահռչակ երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանը:

«Գորիսում վարպետության դաս էի անցկացնում, երբ տեղեկացա, որ Տաթեւում միջոցառում է լինելու ու որոշեցի անպայման մասնակցել: Ֆիլմի մասին շատ եմ լսել, բայց այն չեմ դիտել` հիմա պատրաստվում եմ սյունեցիների հետ միասին մասնակցել դիտմանը: Հրաշալի տպավորություններ ստացա ճոպանուղուց` նման զգացում երբեւիցե չեմ ունեցել», - ասաց Տիգրան Համասյանը:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին հյուրեր Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Սերբիայից, Ռուսաստանից: Միջոցառմանը ներկա էին նաեւ Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, «Տաթեւի վերածնունդ» նախագծի նախաձեռնողներից մեկը` գործարար Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը: