Ո՞վ է «Միշան». աններելի լռություն
Ինչո՞ւ հայաստանյան կողմը պաշտոնապես չի արձագանքում այն հրապարակումներին, երբ բոստոնյան ահաբեկչության մեջ հայ է կասկածվում։
168.am-ի հետ զրույցում Սորբոնի Քաղաքագիտության դոկտոր, ամերիկաբնակ Հայկ Ա. Մարտիրոսյանը նկատել է.
«Երբ Հետաքննությունների դաշնային բյուրոն հանդես եկավ հաղորդագրությամբ, որ ահաբեկիչները ծագումով չեչեններ են` որոշ անգրագետներ ինտերնետում չեչեններին սկսեցին շփոթել չեխերի հետ:
Դա մի հանգամանք է, որ չեխերին դժվար թե ինչ-որ առումով բարոյական վնաս հասցներ, բայց ԱՄՆ-ում Չեխիայի դեսպանը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որով սաստեց այդ փոքրաթիվ խմբին, աշխարհագրության դաս տվեց և պահանջեց տարբերակել Չեխիան Չեչնիայից: Իրենց հերթին` հյուսիսկովկասյան մահմեդական ահաբեկիչների խմբավորումները հանդես եկան հայտարարությամբ` որ իրենք մասնակից չեն Բոստոնյան ահաբեկչությանը: Այսինքն` անգամ ահաբեկիչները, որ միշտ ուրախ են պատասխանատվություն ստանձնելու` պաշտոնապես փորձեցին իրենց անունը հեռու պահել Բոստոնյան մարաթոնից: Մինչդեռ Հայաստանը, որի քաղաքացիների և ազգային էթնոսի անունը կապվում է այս ոճրագործության հետ` բացառիկ ամորֆություն է ցուցաբերում: Դա անհասկանալի է: Անհասկանալի և աններելի:
Եթե, Երևանի կարծիքով` այս խնդիրն անուշադրության մատնելն ամենաճիշտ ճանապարհն է թեման բնական մարման տանելու` ապա դա, մեղմ ասած, թյուրընկալ հաշվարկ է: Իսկ եթե այս խնդիրն անկարևոր է թվում Երևանին, ապա պետք է այլևս դադարեցնել ցեղասպանության մասին գեղեցիկ ճառերն ու միջոցառումները, հայ մշակույթի, ազգային եկեղեցու և կրոնի մաքրության և ազգային բացառիկության մասին քարոզները միջազգային հարթակներում և CNN-ի ու EuroNews-ի եթերներից մերթընդմերթ հեռարձակվող գովազդային հոլովակները: Դրանք, գոնե ԱՄՆ մասով, այլևս կարելի է անտեղի և անպիտան համարել»:
«Ընդամենը մեկ պաշտոնական հայտարարություն այն մասին, որ հայերը բացառապես քրիստոնյա են, և մահմեդականություն ընդունելը, եթե այդպիսի դեպք կա, ծայրահեղ եզակի երևույթ է, խորթ է ազգային մենթալիտետին և ոչ մի կերպ չի կարող արտացոլել հայերի ընդհանուր կերպարը կամ կապ ունենալ Հայաստանի հետ` բավարար կլիներ: Մինչդեռ լռությունը, հաճախ լինելով համաձայնության նշան, թույլ է տալիս մամուլին իրավաբար տարածելու այն տեղեկատվությունը, որ կա իր տրամադրության տակ, իսկ պարզ քաղաքացիներին` դրանից հետևություններ անելու: Դա մեր հայրենիքի կողմից կարևորագույն մի հարցի հանդեպ դրսևորվող անփույթ, ամորձատված, անդեմ և անարժանապատիվ մոտեցման վկայություն է, որ հայաստանյան տուրիզմի, հայերի և հատկապես ամերիկահայերի ու ԱՄՆ-ում բնակվող հայաստանցիների համար լրջագույն հետևանքներ կարող է ունենալ»,- 168.am-ին ասել է ամերիկաբնակ Հայկ Ա. Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է ամերիկյան մամուլը հայտնում է, որ Բոստոնի ահաբեկչության կազմակերպիչների հետևում կարող է ազգությամբ հայ «Միշա» անունով մեկը կանգնած լինել, որ մահմեդականություն ընդունած հայ է: