Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցրտահարության վնասները

Հասարակություն
5d010bdf3a6cd0e0daf5b2b9c4da5a6c

Վերջին օրերին Արարատյան հարթավայրում և հանրապետության նախալեռնային գոտում գիշերային ժամերին արձանագրված բացասական ջերմաստիճանների հետևանքով ցրտահարություններ են դիտվել հիմնականում Արարատի մարզի Արտաշատի, Մասիսի և Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանների առանձին համայնքների ցածրադիր տարածքներում: Նշված համայնքներում ցրտահարությունից տուժել են վաղահաս կարտոֆիլի, լոբազգի մշակաբույսերի ցանքերի և խաղողի այգիների որոշ հատվածներ:

Ցրտահարությունների հետևանքները մեղմելու և բերքի կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից առաջարկվում է առաջնահերթության կարգով իրականացնել հետևյալ ագրոտեխնիկական միջոցառումները:

Կարտոֆիլի և բանջարանոցային մշակաբույսերի ցանքերում՝
• կտրել և բույսերից հեռացնել վնասված հատվածները.
• բույսերի միջշարային և մերձբնային տարածքները փխրեցնել, սնուցել ազոտական պարարտանյութերով և ոռոգել.
• ապահովության համար, ցանկալի է կատարել բուժում սնկային հիվանդությունների դեմ.

Խաղողի վնասված այգիներում՝

• վազի վրայից հեռացնել ցրտահարված (սևացած, չորացած) շվերը.
• ուժեղ աճ ունեցող հոռաշվերը, որոնց վրա բերք է ձևավորվել պահպանել, անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործելով հաջորդ տարի վազի ձևավորման նպատակով.
• այգում կատարել միջշարային տարածությունների վար, սնուցում ազոտական պարարտանյութերով և ոռոգում.
• խորհուրդ է տրվում այգում կատարել առաջին բուժումը միլդյու հիվանդության և թրիպսների ու տզերի դեմ.
Առաջարկվող միջոցառումների սեղմ ժամկետում իրականացնելու դեպքում կստեղծվեն լուրջ երաշխիքներ վնասված տարածքներից բարձր բերք ստանալու համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն