Տ. Սարգսյան. «Համոզվեցի, որ մենք դա կարող ենք»
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գրառումը իր բլոգում.
Հարգելի բարեկամներ,
Շատերիս նախնիները մազապուրծ լինելով Մեծ Եղեռնից կենդանի մնացին՝ պահպանելով մեր ազգի շարունակականությունը: Իմ պապը՝ Սարգիսը, յոթ զավակներից միակն էր, ով կարողացավ փրկվել ոճրագործությունից և 14 տարեկան հասակում բնակություն հաստատեց Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Այնուհետև տեղափոխվեց Հայաստան և բնակվեց Կիրովականում, որտեղ էլ 1970թ.-ին կնքեց իր մահկանացուն՝ սրտում ունենալով իր Երկիր վերադառնալու չիրականացված երազանքը: Պապս, ի հիշատակ իր քույրերի և եղբայրների, ովքեր զոհ գնացին Ցեղասպանությանը, յոթ զավակ ունեցավ և իր զավակներին անվանեց նրանց անուններով:
Մայրական կողմի պապս՝ Անդրանիկը, նույնպես Էրզրումի Մանց գյուղից էր: Երկու պապերս դեռ այնտեղից էին ճանաչում միմյանց: Հետագայում, պատահաբար հանդիպելով Երևանում, այլևս չբաժանվեցին միմյանցից և երկու հարազատ եղբոր պես ապրեցին իրենց ամբողջ կյանքը: Անդրանիկի և Սարգսի զավակներն ամուսնացան ու իրենց փոքրիկ ավանդն ունեցան մեր ազգի հարատևման գործում, ինչպես հազարավոր այլ վերապրածների զավակներ:
Միլիոնավոր հայ ընտանիքներ ունեն կյանքի պատմության այսպիսի էջեր և, ցավոք, իմ ընտանիքի պատմությունը բացառիկ չէ: Ողբերգությամբ լի էր մեր ժողովրդի պատմությունը և, որպես հետևանք, շատ մեծ է գոյատևելու ձգտումը: Այսօր մենք աշխարհում գոյություն ունեցող ամենահին ժողովուրդներից մեկն ենք և հպարտ ենք դրանով: Միաժամանակ պարտավոր ենք գոյատևելու, մեր անկոտրում կարողությունը վերածել զարգանալու և հզորանալու ունակության և առաջատար դիրքեր զբաղեցնել ազգերի մրցակցության պայքարում: Դա կլինի լավագույն ձևը մեր նախնիների հիշատակը հավերժացնելու գործում:
Ապրիլի 24-ի երեկոյան լսելով Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը», մեկ անգամ ևս համոզվեցի, որ մենք դա կարող ենք: