ՀԱԿ երիտասարդին ծեծել են մի քանի փուլով (տեսանյութ)
«Արմենիա» բժշկական կենտրոնում հայտնված ՀԱԿ անդամ Ալեքսանդր Հախվերդյանի գլխին երկու կար են դրել։
ՀԱԿ անդամը երեկ երեկոյան ծեծի է ենթարկվել Երևանի 17-րդ Նազարբեկյան թաղամասում քարոզչական նյութեր բաժանելիս. «Ինձ մոտեցան մի խումբ տղաներ, թե բա էս մեր թաղն է, էստեղ բոլորը հանրապետական են, գնացեք էստեղից, ձեզ թույլ չենք տա մտնել շենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Հախվերդյանը։
Ալեքսանդրի խոսքերով՝ իրեն ծեծել են մի քանի փուլով, նախ մոտեցել են 18-21 տարեկան տղաներ վիճաբանել եւ քաշքշել են։ Ավելի ուշ BMW մակնիշի մեքենայով հայտնվել է մյուս խումբը՝ 25-30 տարեկաններ, իսկ վերջում եկել են տարեցները եւ շարունակել ծեծը. «Միջին տարիքի տղամարդ կար, ինքն էր հիմնականում ծեծում, հայհոյում և ասում էին, որ էստեղ հանրապետականներ են, ինչ գործ ունեք, գնացեք էստեղից։ Ոստկանական մեքենա էլ կար, ոստիկանները սակայն չմոտեցան, քշեցին ու գնացին»։
Ալեքսանդր Հախվերդյանը հիվանդանոցում կմնա մեկ շաբաթ, բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար։
17-րդ թաղամաս Ալեքսանդրը քարոզչանյութեր է բաժանել իր տասը ընկերների հետ, նրանք նույնպես հարվածներ են ստացել, սակայն հիմնական թիրախ Ալեքսանդրն է եղել։ շ
«Հրաչ անունով մարդ էր, իրեն բոլորը ճանաչում էին ու վախենում, հիմնականում ինքն էր հրահանգներ տալիս»,-նշեց ՀԱԿ անդամ Մարիամ Մկրտչյանը։
ՀԱԿ մյուս երիտասարդները, որոնք դեպքի վայր էին կանչել Ոստիկանության Մաշտոցի բաժանմունքի աշխատակիցներին, երեկ նրանց հետ գնացել են բաժին պարզաբանումներ տալու։
Սա առաջին դեպքը չէ, երբ քարոզչություն իրականացնելիս ՀԱԿ երիտասարդները բռության են ենթարկվում։ Նրանք չեն հավատում, որ մեղավորները կպատժվեն։
Ոստիկանությունից <<Ա1+>>-ին տեղեկացրին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 117 հոդվածի հատկանիշներով: