Մտավորականը քարանձավո՞ւմ, թե՞ դուրս
Ոչ թե մտավորականը քաղաքականության մեջ, այլ քաղաքականությունը արվեստում: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի համար ընդունելի է միայն այս տարբերակը: Քաղաքական գործընթացներում մտավորականն անելիք չունի: Ռուդոլֆ Խառատյանը պնդում է` յուրաքանչյունը պետք է զբաղվի իր գործով:
«Ես սիրում եմ, որ ամեն ինչ պրոֆեսիոնալ է լինում: Եթե քաղաքական գործիչ ես, ուրեմն պետք է պրոֆոսիոնալ լինես: Ես ինձ թույլ չեմ տա քաղաքականության մեջ մտնել, որովհետև ես կարող եմ մտքեր ունենալ, բայց դա պրոֆեսիոնալ չէ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց բալետմայստերը:
Ռուդոլֆ Խառատյանը չի ընկալում նաև այն տրամաբանությունը, որով որոշ մտավորականներ, հայտնվում են Երևանի ավագանու ցուցակներում: Փորձը ցույց է տվել, որ նրանք, հայտնվելով ավագանու կազմում՝ ոչինչ չեն կարողանում փոխել;
Այս ամենը բալետմայստերին հիշեցնում է բրեժնևյան ժամանակները:
«Միայն տեսնում եմ, որ բոլորը ձեռքերը բարձրացնում են և կողմ են ամեն ինչին: Եվ ինձ շատ հարգելի մարդանց եմ տեսնում` իմ ընկերներին, որոնք այնտեղ նստած են: Իսկ ես ապրում եմ մի տեղ, ուր բակում մի նոր շենք են սարքում, և ոչ ոք դրա մասին չի խոսում»,- ասաց պարոն Խառատյանը:
Գրող Մերւժան Տեր-Գուլանյանը այլ կարծիքի է: Ասում է` երբ ժողովուրդը քաղաքականացված է, մտավարականը չի կարող քաշվել իր քարանձավը եւ դիտորդի կարգավիճակում հայտնվել;
«Մտավորականը այն մարդն է, ով պետք է կանգնի ժողովրդի և քաղաքականության արանքում: Ե´վ ժողովուրդը պետք է որոշ չափով գոհ և դժգոհ լինի մտավորականից, և իշխանությունը»,- կարծում է Մերուժան Տեր-Գուլանյանը:
Նա վստահեցնում է, որ ուղղակիորեն ոչ մի մասնակցություն չունի քաղաքական գործընթացներին, իսկ քաղաքականությանը առնչվում է միայն իր հրապարակումներով: «Բայց ես անմիջապես ոչ մի կուսակցության չեմ պատկանում: Մեկ անգամ միայն կոմունիստ եմ եղել»,- ասաց գրող Մերուժան Տեր Գուլանյանը: