Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես երթեւկել առանց ստորանալու

Հասարակություն
197fc8a43983992df97a31c90f06c49c

Ծրագրային որեւէ փոփոխություն չի արվում Երեւան քաղաքի տրանսպորտային խնդիրները լուծելու համար, իսկ այն, ինչ հիմա արվում է, նպատակը մեկն է` փող աշխատել: Այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած քննարկում-ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Արեն Մանուկյանը:

Ըստ նրա` խնդրի լուծումը համակարգային փոփոխությունների մեջ է. «Պետք է ավելի մեծացնել ավտոբուսների ներկրումը, որպեսզի քաղաքացին առանց կռանալու, առանց ստորանալու հասնի տեղ: Հնարավորության դեպքում անհրաժեշտ է մետրոյի ցանցն ավելացնել, քանի որ այդպիսով բավականին կթեթեւանա Երեւանի տրանսպորտային ցանցը»:

«Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ Հրաչ Սարգսյանն ընդգծեց, որ այսօր մեր քաղաքային տրանսպորտի 62 տոկոսը երթուղային տաքսիներն են, 2.4 տոկոսը` տարեկան ընդամենը 5,5 մլն ուղեւորով, էլեկտրական տրանսպորտն է. «Ստացվում է այնպես, որ այն տրանսպորտային այն գծերը, որոնք եկամտաբեր չեն, շահագործում է քաղաքապետարանը, իսկ մենք այն կարծիքին ենք, որ բոլորն էլ պետք է լինեն քաղաքապետարանի տնօրինության տակ: Բացի այդ, մենք կարծում ենք, որ պետք է ավելացնել տրոլեյբուսները»:

ԲՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Գասպարյանը կարծում է, որ այսօր բոլոր երթուղային տաքսիները ձգտում են, որ իրենց երթուղիներն անցնեն գլխավոր փողոցներով. «Արդյունքում էլ խցանումները շատ են: Պետք է լինի երթուղիների վերանայում, որպեսզի երկրորդական փողոցներով էլ երթուղիների բաշխում լինի»:

ՕԵԿ ներկայացուցիչ Արթուր Միսակյանը պատահական չի համարում այն, որ այսօր քննարկմանը ինքն ուշացումով եկավ. «Խցանման մեջ էի ընկել եւ այսօրվա քննարկման համար սա արդիական խնդիրներից մեկն է: Այսօր այն կազմակերպություններ, որոնք պետք է դրա պատասխանատու լինեն, պարապուրդի են մատնել: Բացի այն, որ մարդիկ ծալապատիկ են երթեւեկում, նաեւ ստիպված են հանդուրժել երթուղայինում առկա հակահիգիենիկ պայմանները: Կարծում եմ, որ Երեւանում անհրաժեշտ է զարգացնել հեծանվային երթեւեկությունը»:

ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը համոզված է` էստակադաների ու նոր ճանապարհների կառուցումը ոչ միայն չի բեռնաթափել մայրաքաղաքը, այլեւ էկոլոգիական եւ ճարտարապետական տեսքի աղավաղման է բերել. «Ես շատ եմ չեմ ուզում ցեխ շպրտել, սակայն երբ առաջարկներ են լինում, պետք է մայրաքաղաքի ղեկավար մարմինները նստեին ու քննարկեին:Երեւանում նաեւ սեյսմակայունության լուրջ փորձաքննություն չի իրականացվում»:

Ըստ նրա` երթուղային տաքսիներին պետք է վերադարձվի նրանց սկզբնական նշանակությունը` մարդկանց երկրորդական փողոցներից հասցնել մետրոների կայանատեղիներ եւ գլխավոր փողոցներ, մինչդեռ այսօր նրանք երթեւեկում են բացառապես գլխավոր փողոցներով. «Այսօր մենք մոռացել ենք նաեւ Երեւանի ճոպանուղու մասին»:
«Ժառանգության» «Բարեւ Երևան» դաշինքի անդամ Արմեն Պողոսյանը հայտարարեց, որ ինքը կատեգորիկ դեմ է ներմուծված նոր ավտոբուսներին. «Մեծ եւ միջին տարողունակության ավտոբուսներ ներկրելու անվան տակ բերում են միայն միջին տեսակի, բայց մենք միջին ժողովուրդ չենք: Այդ ավտոբուսներն արդյունքում չարիք են: Ուզում եմ հիշեցնել, որ էկոլոգիապես բացարձակապես ձեռնտու եւ իդեալական է էլեկտրական տրանսպորտը: Մեր մայրաքաղաքի գարշապարը փողոցների թողունակությունն է, որը նվազել է»:

«Աքիլես» վարորդական իրավունքների հետազոտական կենտրոնի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանի կարծիքով` 1977թ.-ից ճանապարհային երթեւեկության կազմակերպում, պլանավորում չունենք. «Եթե առաջ քաղաքապետարանն էր դրանով զբաղվում, ապա հիմա` ճանապարհային ոստիկանությունը. «ՃՈ-ն ասում է` մենք ոնց լուծենք այդ բոլոր հարցերը, քաղաքապետարանն էլ իր հերթին` փող տվեք, լուծեմ եւ արդյունքում խնդիրն անլուծելի է մնում»: