Բիշարյանը որակում է լկտիություն
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին զարմացրել էր ԲՀԿ-ի ԿԸՀ ներկայացրած դիմումը։ ԲՀԿ-ն ՕԵԿ-ին մեղադրել էր իր պաստառների վրա նորերը փակցնելու մեջ։
«Գուցե ինչ որ մեկը իր կազմակերպչական աշխատանքը փոքր- ինչ թերացել է։ Ադպիսի միտում, որ ՕԵԿ-ը ուրիշի քարոզչական նյութի վրա քարոզչական նյութ է կպցրել, դա ես կարծում եմ, որ իրականությանը չի համապատասխանում եւ այդ թերությունը չպետք է դարձնել մատի փաթաթան»,- խորհուրդ տվեց տիկին Բիշարյանը։
Իր հերթին նա ասում է, որ Աջափնյակ համայնքում «Բարեւ Երեւան»-ի խմբերը քարոզաչական նյութերը փակցրել էին ոչ միայն իրենց, այլեւ ԲՀԿ-ի ցուցանակի վրա։
«Մենք ինքներս գնացինք, կպցրած թերությունները ուղղեցինք եւ ոչ միայն մերի նկատմամբ վերաբերմունք ցուցաբերեցինք, այլ նաեւ ԲՀԿ ցուցանակի նկատմամբ։ Եւ մենք որեւէ մեկին չբողոքեցինք, հիմա ինչ- որ մեկը սխալ վերաբերմունք է ցուցաբերել, դա որեւէ նշանակություն չունեցող բողոքարկում էր»,- նշեց տիկին Բիշարյանը։
Այսօր ՕԵԿ խմբակցության ղեկավարը նաեւ լկտի որակեց այն լուրերը, թե ՕԵԿ-ը Երեւանի ավագանու ընտրություններից առաջ ընտրողներին խտացրած կաթ եւ մեղր է բաժանում. «Դա բացարձակապես իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են։ Խորհուրդ եմ տալիս խոսելուց առաջ մտածել։ Բացահայտ ձեւով նախընտրական շրջանում բացահայտ կեղծիք տարածել կամ ցեխ շպրտել մի քաղաքական ուժի վրա, որը որեւէ կապ չունի այդ ստի հետ»։
Հեղինե Բիշարյանը մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքը դրական է գնահատում։
Տիկին Բիշարյանը կարեւորեց ընտրողների հետ թե բակային եւ թե դահլիճային հանդիպումները եւ նշեց, որ չկա մի համայնք, որտեղ քաղաքապետի իրենց թեկնածուն մի քանի անգամ ընտրողների հետ հանդիպած չլինի։