«Բարեւ Երեւանը» դաշինքը՝ Մալաթիա-Սեբաստիայում
Այսօր երեկոյան «Բարեւ Երեւան» դաշինքը, մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, բացօթյա հանդիպում ունեցավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ:
Երեւանում առկա խնդիրների, դրանց լուծման եւ բարեփոխումներ կատարելու իրենց ծրագրի մասին խոսեց «Բարեւ Երեւանը»-ի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը, ինչպես նաեւ «Ժառանգության» անդամներ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը:
Հանդիպմանը ներկա էր շուրջ 50 բնակիչ:
«Ցուցակում ընդգրկված անձիք, որոնք չունեն անցյալի ծանր բեռ, մարդկանց չեն ունեզրկել, ընտրություններ չեն կեղծել, մարդկանց ձեռքից իրենց փոքր ու միջին բիզնեսը չեն խլել, կոռուպցիայի մեջ թաթախված չեն եղել, թալանի սկիզբը չեն դրել, այլ մաքուր գործունեություն են իրականքացրել, միայն այդպիսի թիմն է, որ կարող է այսօր Երեւան քաղաքում փոփոխություններ բերել»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նա անդրադարձավ նաեւ Երեւանում առկա տրանսպորտի, կանաչապատման, էկոլոգիական եւ շենքերի շահագործման հետ կապված խնդիրներին՝ հավաստիացնելով, որ «Բարեւ Երեւանը» դաշինքը գալիս է ջարդելու այն քաղաքական կառավարման համակարգը, «որի օրոք վերը թվարկած խնդիրները առաջ են եկել»:
«Համատիրության աշխատողը չպետք է ձայնաբերությամբ զբաղվի, շենքերի շահագործման խնդրով պետք է զբաղվի: Մենք ասում ենք, որ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի: Չպետք է քաղաքի ռեսուրսները մի խումբ անձանց համար ծառայեցվեն, փոքր ու միջին բիզնեսը, այդ թվում՝ մանրածախ առեւտուրը հնարավորություն պետք է ունենա շնչելու, Երեւանը մենակ սուպերմարկետների քաղաք չպետք լինի»,-ասաց Մարտիրոսյանը:
Իր ելույթի վերջում նա նշեց, որ իրենք մի խնդիր ունեն. այնպես անել, որ քաղաքացին Երեւանում մնա եւ ոչ թե լքի այն: