Կվերսկսվի ՄԻՊ դիմումով դատաքննությունը
Սահմանադրական դատարանը ապրիլի 23-ին գրավոր ընթացակարգով քննության կառնի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա հերթական գործը: Այս անգամ Կարեն Անդրեասյանը վիճարկում է ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի և 54-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականությունը:
Այս գործի դատաքննությունը նշանակված էր փետրվարի 26-ին, սակայն նույն օրվա աշխատակարգային որոշմամբ ՍԴ-ն, ելնելով գործով լրացուցիչ նյութերի ուսումնասիրման և դատաքննությանը փորձագետ ներգրավվելու անհրաժեշտությունից, որոշեց հետաձգել դատաքննությունը մինչև ապրիլի 23-ը:
Գործով զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Հրանտ Նազարյանը: Որպես պատասխանող կողմ դատաքննությանը ներգրավված է Քրեական օրենսգիրքն ընդունած Ազգային ժողովը:
Վիճարկվող հոդվածները վերաբերում են ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար որպես պատիժ նշանակված տուգանքին և հանրային աշխատանքներին:
ՔրՕր-ի 51-րդ հոդվածի վիճարկվող 4-րդ մասը սահմանում է, որ տուգանքը վճարելու անհնարինության դեպքում դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով` հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում ստացվում է պակաս, քան երկու հարյուր յոթանասուն ժամը, ապա նշանակվում է երկու հարյուր յոթանասուն ժամ, իսկ եթե այն գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ:
54-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում հանրային աշխատանքների չկրած մասը դատարանը փոխարինում է կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ՝ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց:
Ըստ Կ.Անդրեասյանի՝ օրենսգրքի վերոնշյալ դրույթները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է` արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող էր կիրառվել հանցագործության կատարման պահին գործող օրենքով:
Դիմումատուն, մասնավորապես, նշել է, որ Քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածը սահմանում է պատժի տեսակները, հիմքում դնելով դրանց համեմատական ծանրության չափանիշը` ավելի մեղմից դեպի ավելի խիստը: Հանրային աշխատանքն ավելի խիստ պատժատեսակ է, քան տուգանքը, քանի որ, ի տարբերություն տուգանքի, այն սահմանափակում է դատապարտյալի ազատությունը և իր մեջ պարունակում ազատազրկման տարրեր:
Նշենք, որ ՍԴ-ն Արդարադատության նախարարությունից պահանջել է գրավոր հիմնավորումներ՝ տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար երկու հարյուր յոթանասուն ժամը որպես սահմանային, իսկ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց հաշվարկային ելակետի սահմանման համաչափության և հիմնավորվածության վերաբերյալ:
Հեղինակ:
«Փաստինֆո»