Արիները նշել են Զատիկը
Հայ արիներն ու ազգայնականները այսօր նշել են Գարնանային Զատիկը եւ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը:
Հերթական անգամ ապրիլյան Գարնանային օրահավասարին՝ Լուսնի լրման օրվա կիզակետին, Մեծամորի պատմական տարածքում (Մեծամոր - Մեծ Մոր - Աստվածամոր - Մայր Անահիտի) է նշվել ավանդական Զատիկի տոնը:
ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կատարել են ծիսական արարողություն՝ Արմոգ,Արամ եւ Արեգ քրմերի առաջնորդությամբ:
Հայ արիներն ու ազգայնականները փառաբանել են Մայր Անահիտին, ով իր Աստվածային գործառույթով ապահովում է Մայր Բնության գունագեղությունն ու ծաղկունքը: Հայոց Աստվածամայրը նաեւ բերքատվության եւ ամենայն բերրրիության, պտղաբերության եւ մայրանալու Աստվածուհին է, եւ մեր փառահեղ նախնիները Մայր Անահիտին են դիմել՝ նաեւ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու ակնկալությամբ:
Զատիկի տոնը արի հայերը նշում են նաեւ որպես Մայր Անահիտի հրաշագործության տոն:
Ավանդական տոների ու ծեսերի հետեւորդ հայ արիներն ու ազգայնականները զատկական արարողությունից եւ երազանքներ պահած կրակի վրայով թռչելուց հետո, գույնզգույն ներկված ձվերով ձվախաղ կազմակերպեցին, ինչը զուգակցվեց ավանդական ուտեստների համտեսմամբ: Տոնն ավարտվեց ազգային երգ ու պարով, գինեձոներով՝ վասն եւ ի փառս Հայ Աստվածների ու Տիեզերքի Արարչի:
Այս մասին հայտնում է Հայ Արիական միաբանության լրատվական կենտրոնը։