Ո՞ր քաղաքական գործիչը չի վախենա իր կյանքի համար (տեսանյութ)
Հետընտրական շարժումներն իշխանափոխության չեն հանգեցնում, որովհետեւ ժողովրդին առաջնորդող քաղաքական գործիչները վախկոտ են։
«Լեւոն Տեր-Պետրոսյանը չթողե՞ց փախավ կեսից, այո, վախենում են, իրենց կյանքի համար էլ են վախենում»,- ասում է հոգեբան Սամվել Խուդոյանը։
Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով մյուս պատճառն այն է, որ այդքան էլ վատ չէ ժողովրդի վիճակը, որպեսզի փողոց դուրս գա ու իշխանություն փոխի. «Նրանց մի մասն ընդհանրապես թքած ունի էդ հարցերի վրա»։
Մարդիկ, ընդհակառակը, վստահեցնում են, որ ավելի վատ լինել չէր կարող։ Իսկ հետընտրական շարժումներն էլ իշխանությունը խեղդում է արյան մեջ
«Բախումներ պիտի լինեն, ավելի լավ է խուսափենք, ապրենք հանգիստ»,- «Ա1+»-ի հարցման ժամանակ ասում է երեւանցի մի կին։ Մեկ ուրիշն էլ հավելում է. «5 տարի առաջ պայքարեցին, ինչ արեցին, 11 զոհ տվեցին գնացին տուն, էլ նորից կպայքարի՞ ժողովուրդը»։
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ հետընտրական շարժումները մեկ թերություն ունեն՝ հիմնական դերակատարը ոչ թե ժողովուրդն է, այլ՝ շարժման առաջնորդը, որը ոչ միայն հրապարակում, այլեւ տարբեր պետական ատյաններում պայքարում է հենց ընտրությունների օրինականության վերականգնման համար։
«Ցանկացած ռեժիմ հենց էդ ընթացակարգերում առավելություն ունի, այն առավելությունը, որը երբեւէ թույլ չի տալիս, որ ժողովուրդն առավելության հասնի իր նպատակներում»,-ասում է քաղաքագետը։
Ըստ պարոն Սարգսյանի, ամեն ինչ պետք է արվի, որպեսզի ժողովուրդը մղվի առաջին պլան, ինքը լինի շարժման առաջնորդը, իսկ դրա համար ընտրությունները, ընտրակեղծիքները հաղթող ընդդիմադիր թեկնածուն պարտադիր չեն. «Դուք չեք կարող ռեժիմի հեռացման խնդիրը համատեղել ինչ-որ ուժ իշխանության բերելուն»։
Քաղաքագետն զգուշացնում է՝ քանի դեռ քաղաքական դեմքեր են կանգնած շարժումների գլխին, դրանք որեւէ արդյունքի չեն հանգեցնի։ Իրականում, ըստ նրա, իշխանափոխությունը պետք է լինի քաղաքացիական հասարակության գործը
« Նա պիտի օրինական ձեւերով, խաղաղ, զուտ խաղաղ, անհնազանդություն հայտարարի գոյություն ունեցող ռեժիմին, դնի ուլտիմատում, որ այդ ռեժիմը ենթարկվի օրենքին եւ մասսայական խաղաղ գործողություններով ստեղծեք այն վիճակը, որ ռեժիմը կապիտուլացիա անեք»,- «Ա1+ »-ին ասաց քաղաքագետը։