Հայրիկյանին դեռ չեն վիրահատել
Նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կվիրահատվի հաջորդ շաբաթ։
«Եկող շաբաթվանից ամեն ինչ հստակ կլինի։ Վիրահատությունը կտա հիմնական հարցերի պատասխանը, մասնավորապես՝ կվերականգնվի՞ ձեռքիս աշխատանքը, եւ որքա՞ն կտեւի ապաքինումը»,- «Ա1+»-ին ասաց Պարույր Հայրիկյանը։
Ըստ ԱԻՄ առաջնորդի՝ թեեւ նա 12 տարուց ավելի սկզբունքորեն հրաժարվել էր դեղորայքից, սակայն հիմա երկու տեսակի ցավազրկող է ընդունում։ Նա Հայրիկյանը աջ ձեռքի շրջանում ունի սուր ցավեր։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ի երեկոյան մահափորձ էր իրականացվել նրա դեմ։ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար մեղադրանք է առաջադրվել նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանին։ Իսկ երեկ նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի կազմակերպում։
Պարույր Հայրիկյանը նշեց, որ գործին հետեում է իր փաստաբանը։