Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեր-Պետրոսյանը Պանթեոնում էր (տեսանյութ)

Քաղաքականություն
bd73306767b89e44588658862ef04545

Հայ ականավոր քաղաքական եւ պետական գործիչ Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 81 տարեկան: 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո մինչ օրս նրա ծննդյան օրը մարդկանց հոսքը չի դադարում Պանթեոն:

Այսօր եւս Պանթեոնում նրա հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցելու էին եկել ՀԱԿ-ը` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Ինչպես նկատեց ՀԱԿ ԱԺ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` դա վկայում է այն մասին, որ Կարեն Դեմիրճյանի անունը վերկուսակցական, համաժողովրդական անուն է:

ՀԱԿ-ից առանձին Պանթեոն էր եկել նաեւ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Կարեն Դեմիրճյանի հուշարձանի մոտ խունկ ծխեցնելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ողջունեց նրան ու հեռացավ: ՀՀ առաջին նախագահի հետ չհաջողվեց զրուցել, փոխարեն Րաֆֆի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր ամբողջ կյանքում փորձել է ընդօրինակել Կարեն Դեմիրճյանին ու իր քաղաքական գործունեության մեջ կիրառել նաեւ նրա պատգամները: Իսկ ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի համոզմամբ` Կարեն Դեմիրճյանը մինչեւ վերջ էլ մնաց հոգով կոմունիստ եւ իր քայլերով ապացուցեց, որ իսկապես ժողովրդական մեծ սեր վայելող գործիչ է:

Պանթեոն ուշացած եկան երկու կին, որոնք սրտնեղել էին, որ չէին հասցրել ճիշտ ժամանակին գալ ու անձամբ տեսակցել Կարեն Դեմիրճյանի ընտանիքին:

Պարզվեց` նրանք ժամանակին աշխատել են նրա ղեկավարության ներքո, իսկ այժմ` ղեկավար պաշտոններում են: Նրանց խոսքերով` իրենց այժմյան հաջողությունների համար իրենք պարտական են միայն Կարեն Դեմիրճյանին եւ նրա խորհուրդներին: