Երեք զանգը՝ նկուղում պատսպարվելու հրահանգ
Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում դպրոցականները սովոր են դասերն անցկացնել մոմի լույսի տակ, տան նկուղներում ու անվերջ երազել, թե երբ պետք է դադարեն ադրբեջանական կողմից կրակոցները:
«Որ կրակոցի հաջորդ օրը դպրոց ենք գալիս, բոլորիս խոսալու թեման հենց էդ կրակոցներն են լինում, ոչ մեկս չենք կարում դասին կենտրոնանալ: Բայց մեկ ա դասի գնում ենք միշ:»,-ասում է 9-րդ դասարանի աշակերտուհի Ասպրամ Մանուկյանը:
Ադրբեջանական կողմի գնդակը ուղղվում է անգամ դպրոցի վրա՝ ջարդում պատուհանները, հետքեր թողնում պատերին, տանիքին: Այդ ժամանակ բոլոր աշակերտները իջնում են նկուղային հարկ եւ թաքնվում այնքան ժամանակ, մինչեւ կրակոցները դադարեն:
«Որ 3 հատ զանգ են տալիս, ուրեմն կրակոց ա, իջնում ենք դպրոցի տակը: Ես շատ եմ վախում, որ կրակում են: Քանի անգամ եղել ա, որ դասի գնալուց ենք եղել, ճանապարհին սկսել են կրակել, փախել ենք մտել կամ խանութ, կամ ուրիշի տուն, որ չերեւանք»,-ասում է 5-րդ դասարանցի Մարուսյա Կամենդատյանը:
Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցում այսօր սովորում է 125 աշակերտ: Նրանք բոլորն էլ անգիր գիտեն դիմացի սարերին տեղակայված ադրբեջանական հենակետների տեղերը եւ գյուղի յուրաքանչյուր այցելուի կարող են հստակ բացատրել, թե որտեղով արագ քայլի։
Նրանք գիտեն, թե կրակոցների պահին ինչ պետք է անեն՝ պաշտպանվելու համար:
«Մեզ փոքրուց ասել են, որ չպետք ա լարվենք, անհանգստանանք, ամենակարեւորը պետք ա շատ զգույշ լինենք: Ծնողները ասում են մեզ, եթե ինչ -որ կրակոց լինի. առանց ամաչելու մտնենք ինչ- որ տուն»,-ասում է Ասպրամը:
Անհոգ մանկության գաղտնիքը չբացած այս երեխաները, չնայած ամենօրյա վախին, շատ են սիրում իրենց գյուղը:
Դիաննան, Ասպրամը եւ Մարուսյան՝ երեքն էլ ուզում են բժշկուհի դառնալ եւ աշխատել գյուղում:
«Ես բժշկուհի եմ ուզում դառնալ ու ցանկալի կլիներ, որ էստեղ աշխատեի, որովհետեւ էս բուժկետին շատ պետք են բժիշկներ: Գյուղը կարիք ունի»,-ասում է Դիաննան:
Աղջիկները տխրում են, որ տարեցտարի գյուղից մարդիկ են հեռանում եւ դա ճիշտ չեն համարում:
«Դե եթե բոլորս թողնենք գնանք, արդեն սահմանները պահող չի լինի ու ադրբեջանցիները հեշտ կմտնեն : Դրա համար ոչ մեկ չպիտի գնա, այլ հակառակը՝ պիտի բոլորը գան էստեղ»,-ասում է Ասպրամը: