Մարդու իրավունքների հարցով կզբաղվի Ա. Բաղդասարյանը
Հայաստանում այսուհետ գործելու է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով, որը գլխավորելու է ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի և պաշտպանի աշխատակազմի միջև:
Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշել է, որ հանձնաժողովը հետամուտ է լինելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կուտակված խնդիրների լուծմանը և տրվելու է օպերատիվ արձագանք իրավական, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում արձանագրված խնդիրներին:
«Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի ազգային անվտանգության գերակայություններից է, և այսուհետ հետամուտ ենք լինելու այս ոլորտում կուտակված խնդիրների լուծմանը: Դրական եմ գնահատում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը: Պաշտպանի ինստիտուտը այս տարիների ընթացքում կայացել է, տեսնում ենք թիրախավորված գնահատականներ: Սակայն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը էական բարելավման կարիք ունի: Օրենքներում գրված փաստաթղթային նորմերից պետք է անցնենք մարդու իրավունքների իրական պաշտպանության էական բարելավման: Շատ խնդիրներ կան ու դրանք անպայամանորեն լուծելու ենք»,- նշել է Արթուր Բաղդասարյանը:
Մարդու իրավունքների պաշտպանության միջգերատեսչական հանձնաժողովը կազմված է պետական բոլոր մարմինների ներկայացուցիչներից, Մարդու իրավունքների պաշտպանից, միջազգային կազմակերպությունների և հասարակական սեկտորի ներկայացուցիչներից: Հանձնաժողովը հետևելու է, որ Հայաստանում` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ընդունված օրենքները կյանքի կոչվեն: Հանձաժողովի խնդիրն է լինելու մարդու իրավունքների ազգային ռազմավարության կենսագործումը:
«Մարդու իրավունքների հետ կապված յուրաքանչյուր դիտարկում քննարկման առարկա է դառնալու, ուսումնասիրվելու են բացթողումները, թերությունները, դրանց տրվելու է օպերատիվ արձագանք»,-հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:
Նա նկատեց, որ չեն գոհացնում մարդու իրավունքների պաշտպանության մասին միջազգային կազմակերպությունների զեկույցները և դրանցում ևս պետք է էական առաջընթաց ունենալ:
Արթուր Բաղդասարյանի խոսքով` մարդու իրավունքներն այսօր խախտվում են սոցիալական, իրավական և այլ ոլորտներում, և Անվտանգության խորհրդի աշխատակազմը սերտորեն կհամագործակցի պաշտպանի գրասենյակի հետ։
Այս մասին հայտնում է ԱԱԽ մամուլի ծառայությունը։