Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն զրկե՞ց քաղաքացիներին այլ Հայաստանից

Քաղաքականություն
e858d74ff45e28428264cf58dd43eedf

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին զվարճացնում է ՀՀԿ-ի տարածած լուրը, որտեղ նրանք դատապարտում են կաշառակերությունը։

«Ապրիլի 1-ն էլ չէր, որ մտածեի կատակ են անում: Եթե դա ինքնաքննադատություն է, ես շատ ուրախ եմ, դա նշանակում է, որ տվյալ կուսակցության ներսում ակտիվ ժողովրդավարացման գործընթաց է սկսվում»,- ասում է Նաիրա Զոհրաբյանն ու հավելում, որ չի կարելի ամեն ինչ հասցնել զավեշտի եւ մարդկանց հիմարացնել:

Տիկին Զոհրաբյանը ավագանու ընտրություններում, ԲՀԿ-ի մարտավարության մասին խոսելով, ասաց, որ իրենց նպատակն է լուծել ոչ թե քաղաքի ձեւավորման, այլ քաղաքի բնակիչների սոցիալական հարցը.

«Իհարկե կանաչապատման, ասֆալտապատման ու լուսավորության խնդիրներն էլ են կարեւոր ու մենք դրանք ներառել ենք մեր նախընտրական ծրագրերի մեջ, սակայն բակային հանդիպումների ժամանակ, մենք հասկացանք, որ ժողովրդի սոցիալական վիճակը այնպիսի ծայրահեղ նիշի վրա է գտնվում, որ մնացածը մղվում է երկրորդ պլան»,- ասաց նա:

ԲՀԿ խմբակցության քարտուղարը համոզված է, որ քաղաքացիները ընդդիմադիր ուժերից շատ ավելի գլոբալ հարցերի պատասխաններ է ուզում ստանալ:

«Ա1+»-ի հարցին, թե կարող է արդյոք միայն քաղաքապետի պաշտոնը ունենալով՝ ԲՀԿ-ն լուծել սոցիալական խնդիրներ, տիկին Զոհրաբյանը պատասխանեց.

«Այսօր գործադիրը, օրենսդիրը, քաղաքային իշխանությունը, մեկ քաղաքական ուժի տնօրինության տակ Է։ Եթե գոնե քաղաքային իշխանությունը լինի ընդդիմադիր ուժի ձեռքում, մենք կկարողանանք կոտրել իշխանության մենաշնորհը: Կգործի իրական հակակշիրների մեխանիզմ ու հնարավոր կլինի ինչ որ բան փոխել»:

Իսկ ինչու իշխանության մենաշնորհը ԲՀԿ-ն չփորձեց կոտրել նախագահական ընտրություններում պայքարելով. «Ես մնում եմ այն կարծիքին, որ մենք պետք է մասնակցեինք:Բայց Գագիկ Ծառուկյանը հարմար պահի կներկայացնի հիմնավոր այն պատճառը, հանուն որի նա կայացրեց որոշում չմասնակցել ընտրություններին»։

ԲՀԿ ներկայացուցիչը հավելեց, որ իրենց մասնակցության դեպքում՝ բոլորովին այլ Հայաստան կունենայինք: