ՀՀԿ-ականները խոսում են Ր. Հովհաննիսյանի մասին (տեսանյութ)
Հանրապետականում վատ չեն վերաբերվում ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին։
«Ընդդիմության որպես տեսակ նա մեկ քայլ առաջ է,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ճշմարիտյանը,-Հայրենասեր է, ուզում է Հայաստանի համար ինչ-որ բան անել»։
Հարցն այն է, թե իր շարժման մեջ ում է ներգրավում նա. «Հրավիրում է տարբեր մարդկանց, որոնց կարելի է քաղաքական դիակներ համարել, գալիս են ինչ-որ ելույթներ են ունենում»։
Պատգամավոր Սամվել Նիկոյանի տպավորությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը խաղաղ, ազնիվ, պարկեշտ ընդդիմադիր է, պարզապես այդ մարդուց ժողովուրդը կտրուկ գործողություններ է պահանջում. «Եթե ուշադրություն դարձնեք նրա քարոզչությանը, նրա խոսքին, ապա նա բավականին էսպես խաղաղության գիծը միշտ զգացվում է»։
Հանրապետական Կարինե Աճեմյանը համաձայն է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդին կրակի բերան տանող չէ, մնում է, որ աշխատի իշխանության հետ։
«Ոչ թե համագործակցություն, այլ իրար հետ ինչ-որ ձեւով, քննարկումների ձեւով»,- նկատեց նա։
Իսկ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորեր նախագահին, Կարինե Աճեմյանը երջանիկ կլիներ։ Դավիթ Հարությունյանը խուսափում է գնահատել Րաֆֆի Հովհաննիսյանի դերը Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու գործը ձախողելու մեջ. «Ես չեմ կարծում, որ իշխանությունն այն աստիճան թույլ է, որ կարող է թույլ տալ որեւէ հեղափոխություն»։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն արձանագրում է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հասավ նրան, որ Հայաստանում ընդդիմություն ունենալու համար պետք է սկսել զրոյից. «Ես կարծում եմ, ինքը գնաց ինքնաոչնչացման ճանապարհով»։
Հանրապետական պատգամավորը չի ափսոսում այդ ինքնաոչնչացման համար, կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է փորձել մտածել այլ պաշտոնի մասին։
«Երեւի թե ինչ-որ մի դեպքում էլ փորձի պատկերացնել իրեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում»,-ասաց նա։