Ջհանգիրյանի ուշագրավ հայտարարությունը (տեսանյութ)
ԱԺ-ն այսօր սկսեց քննարկել «2008թ. մարտի 1-ի» ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագիծը:
Այն ներկայացրեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նա ընդգծեց, որ «Մարտի մեկ»-ը ցավոտ ու քաղաքական հարց է ու այնպես պետք է անել, որպեսզի չվնասվի այս հարցի բովադակությունը: Իր ելույթում նա մասնավորապես նշեց, որ թեեւ 83-ից ավելի մարդ է դատապարտվել, սակայն սպանության կամ հրազենի կիրառման վերաբերյալ որեւէ մեղադրանք չի եղել. «Սրանից կարելի է հետեւություն անել, որ մարտի մեկի իրադարձությունների հետ կապված ոչինչ էլ բացահայտված չէ ու հարյուրավոր հանցագործներ ազատության մեջ են, մինչդեռ այդ հանցագործություններն ուղղակի հնարավոր չէր չբացահայտել՝առկա ակնհայտ փաստերի առկայության պարագայում: Դրա պատճառն այն է, որ ակտիվ, նախաձեռնողական քննություն չի իրականացվել»:
Գագիկ Ջհանգիրյանն հայտարարեց, որ իշխանությունների հետ համաձայնության են եկել եւ որոշել են ստեղծվելիք հանձնաժողովի կազմում ներգրավել ՀՀԿ երկու պատգամավորի, իսկ մյուսներից՝ մեկակական. «Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրավոր դիմում է ինձ ներկայացրել, որ իրեն եւս ներգրավենք հանձնաժողովի կազմում: Ես սկզբունքորեն դեմ չեմ, սակայն այստեղ միայն մի հանգամանք կա՝ չխախտվի քաղաքական հավասարակշռությունը եւ նաեւ կարեւոր է հանձնաժողովի մթնոլորտն ու ուժերի հավասարակշռությունը»:
Պարոն Ջհանգիրյանը նշեց, որ նախապես որոշվել էր հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ եզրակացությունը ներկայացնել այս տարվա նոյեմբերի 29-ին , սակայն այս հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկման ձգձգման պատճառով խնդրեց եւս մեկ-երկու ամսով եզրակացության ներկայացման ժամկետը երկարաձգել:
ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանին հետաքրքրում էր, թե ինչու մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող նախորդ հանձնաժողովի կազմում ՀԱԿ-ը չընդգրկվեց, իսկ հիմա ինքն է նախաձեռնությամբ հանդես գալիս. «Խնդրում եմ հարցիս մեջ քաղաքական ենթատեքստ չփնտրել»:
Պատասխանելով՝ Գագիկ Ջհանգիրյանը նշեց. «Պատճառն այն է, որ նախորդ հանձնաժողովում մենք ընդամենը խորհրդատու էինք եւ քաղաքական ուժերը բալանսավորված չէին»:
Պարոն Ջհանգիրյանը եւս մեկ հայտարարություն արեց՝ նշելով, որ 2008թ. մարտի մեկին գործել են զինված այլ կառույցներ, քանի որ զոհերից երեքի մարմնում գտնված հրազենային պարկուճները չէին համապատասխանում այդ օրը իրավապահների գործածած հրազենի հետ: