Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օմբուդսմենը ներողություն խնդրեց

Քաղաքականություն
d8362a3bccc149c1b982c88b06493b06

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ ամբիոնից, արձագանքեց օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի՝ իր գնահատականների վերաբերյալ հնչեցրած կարծիքներին:

Պարոն Մարուքյանը կոչ արեց նրան իր գնահատականները ոչ թե անձնական վիրավորանք ընդունել, այլ նորմալ քննարկում ընկալել. «Կողքից տպավորությունն այն էր, թե մենք մի 6 հազար տարվա թշնամիներ ենք. նման բան չկա. ես ձեզ չեմ վիրավորել ու կոչ կանեմ ինձ էլ չվիրավորել»:

Այնուհետեւ, նա օմբուդսմենի՝ 2012թ. զեկույցում մի շարք դրվագներ նշեց, որոնք, ըստ նրա, որեւէ կապ չունեին մարդու իրավունքների հետ. «Կասե՞ք ինձ՝ ինչ կապ ունի մնջախաղի թատրոնը մարդու իարվունքների հետ: Գորգագործության մասին եք գրել, մինչդեռ բանտերում բազմաթիվ մարդկանց իրավունքների խախտման դեպքեր են արձանագրվում»:

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ չի կիսում Լեւոն Զուրաբյանի այն տեսակետը, որ նախկին օմբուդսմենը վատ է աշխատել. «Արմեն Հարությունյանի՝ 2008թ. մարտի մեկի զեկույցը, որը թարգմանվել է երեք լեզուներով, կարող է դառնալ ստեղծվելիք Մարտի մեկի ժամանակավոր հանձնաժողովի համար լավ ուղեցույց»:

Արձագանքելով նրա ելույթին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Այ, այսպիսի կառուցողական եղեք, պարոն Մարուքյան, թե չէ լոռեցիներին զայրանալ չի կարելի»:
ՀԱԿ խմբակցության անունից ելույթ ունենալով՝ պատգամավոր Սեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ այսօր մարդիկ լքում են երկիրը ոչ միայն ապրուստի միջոց չունենալու, այլեւ արդարության պակասի պատճառով եւ նաեւ իրենց պաշտպանված չեն զգում իրենց երկրում ու չեն հավատում իրենց ապագային. «Տարիներ շարունակ խոսվում է երկրում առկա խնդիրների մասին, բայց ոչինչ չի փոխվում ու չի էլ փոխվի, քանի որ իշխանության որակը չի փոխվում: Ես ուզում եմ հիշեցնել՝ հետընտրական ցույցերի ու հանրահավաքների իրական կազմակերպիչները իշխանություններն են, քանի որ այդ դեպքերում մարդկանց արժանապատվությունն է վիրավորված լինում՝ անարդար ընտրությունների արդյունքում: Ապրիլի 9-ը նաեւ դրա հետեւանքն էր: Եւս քանի տասնամյակ է պետք, որ առանց լցոնումների, կարուսելների ու կեղծիքների ընտորւթյուններ անցկացնել: Ի վերջո, պետք է հասկանանք, որ այսպես շարունակել չի կարելի. մենք կանգնել ենք մեր պետությունը կորցնելու վտանգի առաջ»:

ԲՀԿ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հայտարարեց, թե ինչու ռեալ քայլերի չենք դիմում, որ մարդիկ ռեալ զգան, որ իրենց իրավունքները պաշտպանված են. «Համակարգային լուծումներ են պահանջվում, այլ ոչ միայն խոսքեր: Ըստ ձեզ, ինչո»ւ է Երեւան քաղաքն առանձնացվել օմբուդսմենի զեկույցում: Ես չեմ ուզում քաղաքական հայտարարություն անել, ուղղակի սա նշանակում է, որ լուծումներ չեն տրվում, այլ ընդհակառակը՝ կուտակվում են: Եվ նաեւ, ուզում նշել, որ հատկապես նախընտրական փուլում են սրվում մարդու իրավունքների խախտումները»:

Ամփոփիչ ելույթում օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պատգամավորներից ներողություն խնդրեց եւ շնորհակալություն հայտնեց. «Ներողություն եմ խնդրում իմ որոշ մարդկային դրսեւորումների համար. ես քաղաքական մարդ չեմ եւ հաճախ քաղաքականությունն է զբաղվում ինձնով կամ մեր ինստիտուտով: Այս դահլիճից տանում եմ իմաստնություն, որը հետո հետ կբերեմ այստեղ: Պատգամավորների մի մասը զեկույցի ամբողջ ընթացքում դահլիճում չէր, բայց վստահ եմ, որ լսում էին մեզ: Համագործակցության համար պարզված յուրաքանչյուր մարդ, չի անտեսվելու»: