«Այսպես որ շարունակվի, էլ բնակիչ էլ չի մնա»
Հայաստանում հանքավայրերը բարբարոսաբար են շահագործվում: Այսօր «Հայաստանի էկոլոգիական թեժ կետերը» եռօրյա վարպետության դասին ասաց ՀՀ ԳԱԱ տնտեսագիտական ինստիտուտի գլխավոր մասնագետ Երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչ Ավագյանը:
«Խորհրդային տարիներին մեր հանքավայրերը գործում էին հաշվարկով, իսկ այսօր չկա ոչ մի հաշվարկ: Կառավարությանը միայն հետաքրքրում է մեծ գումարներ ստանալը, հանքերը տվեցին անհատ ձեռներեցներին և հիմա սպասում են, որ 20 տոկոսը տան պետբյուջեին», - նշեց դոկտորը:
Նրա կարծիքով վատ պայմաններով են շահագործվում Սոտքի, Շահումյանի, Թեղուտի հանքավայրերը:
« Իսկ Քաջարանի հանքավայրից արտահանված խտանյութերն էլ վաճառվում են դրսում, իսկ հանքից 1951թ-ից մինչ 2012թ-ը հանվել է 370 միլիոն հանքանյութ: Իսկ Ամուլսարի ոսկու հանքավայրում գնահատված է միայն ոսկին, բացի դա կան 24 հազվագույտ տարրեր հանքանյութում», -ավելացրեց պարոն Ավագյանը:
Նրա խոսքերով Ամուլսարում կորզվելու է միայն ոսկին, իսկ մյուս հանքանյութերը, որոնք 24-ն են, թափվելու են թույնի տեսքով:
Երկրաբանական գիտությունների դոկտորը պարզաբանում է, որ հանքանյութը մշակվելու կուտակային տարալուծման մեթոդով՝ մանրացված հանքանյութի վրա լցվելու են ցիանիդ, որը լուծում է ոսկին, իսկ ցիանիդը շատ ուժեղ թույն է հանդիսանում շրջակա միջավայրի համար:
Անդրադառանալով պոչամբարներին պարոն Ավագյանը նշեց, որ Կապանում արդեն տարածք չեն գտնում, որ հանքաքարերը թափեն:
« Կապանի Արծվանիտ գյուղի մոտ պոչամբարը լցվել է, մարդիկ բողոքում էին կառավարության շենքի մոտ, որ իրենց գյուղի մեծերը մահանում են, երեխաները՝ հիվանդանում, անասուններն էլ թունավորվում և սատկում, սակայն գիտեք ինչ արեցին, ոչ թե վերացրեցին այդ պոչամբարը, այլ պոչամբարը բարձրացրեցին, որ էլի լցնեն», -ասաց Հրաչ Ավագյանը: Նրա կարծիքով՝ եթե այսպես շարունակվի Կապանում էլ ոչ գյուղ, ոչ բնակիչ կմնա:
Իսկ եթե Թեղուտում շահագործվի հանքը անտառային 200 հազար հեկտարից ավել տարածք կոչնչանա, կարծում է դոկտորը:
«Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանը ևս Ամուլսարում բաց եղանակով հանքի շահագործումը բարբարոսություն է համարում: Նրա խոսքերով վերլուծությունները, որոնք արվում են հանքի վնասների գնահատման համար, ոչ ճիշտ են:
«Ամենացավալին էլ հենց դա է, օրինակ՝ երբ Թեղուտի հանքի շահագործման վնասներն են փորձում գնահատել այսպես են անում. եթե գետը այդ տարի տալու էր 175 կգ ձուկ, հաշվում են ձկան կգ ինչքան է շուկայում, բայց հաշվի չեն առնում հետագա 100-ավոր տարիներ թողած վնասը կամ օրինակ մեկ տանձի ծառը գնահատվում է որպես վառելափայտ», - մտահոգվում է տիկին Գաբրիելյանը:
Հրաչ Ավագյանի կարծիքով պետք է հանքարդյունաբերության ոլորտում նոր տեխնոլոգիաներ դրվեն, գործարան բացվի, որտեղ կառանձնացվեն հանքաքարերում առկա մետաղները:
«Այս մետաղները ճիշտ մշակումն էլ կարող է օգտագործվել մեր արդյունաբերության մեջ, որն էլ մեր երկրին մեծ գումարներ կբերի», -եզրափակեց պարոն Ավագյանը: