Երեւանին քաղաքապետ պետք չէ՞ (տեսանյութ)
«Միգուցե Երեւանին ընդհանրապես քաղաքապետ պետք չէ»,- այսօր «Մեդիա Կենտրոն»-ում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը։
Նրա խոսքերով՝ Երեւանի կենտրոնի կառուցապատման հետեւանքով 29 պատմամշակութային հուշարձաններ են ոչնչացվել։
Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը նշեց, որ Տարոն Մարգարյանը մեկ ու կես տարի է քաղաքապետ եւ 20 տարվա համար պատասխան չպետք է տա։
Անդրադառնալով Երեւանի կենտրոնում գտնվող ապօրինի շինություններին՝ Լեւոն Իգիթյանը նշեց, որ Օպերայի բակում 14 օբյեկտ կա, իսկ այդ օբյեկտների հետեւում կուսակցություններ կան, նա լրագրողների միջոցով կոչ արեց սրճարանների տերերին հրաժարվել դրանցից։
ՀՅԴ-ական Բորիս Հայրապետյանի խոսքերով՝ Երեւան քաղաքի կենտրոնը չի համապատասխանում թամայնանական եւ ռացիոնալ սկզբունքներին, քաղաքի կենտրոնում պետք է լինել գործնական առեւտրային նշանակության շենքեր եւ կանաչապատ գոտիներ, սակայն հիմա ամեն ինչ հակառակն է։
Իսկ «Առաքելության» կուսակցության ավագանու ցուցակի անդամ Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ Երեւանի կենտրոնի կառուցապատման ծրագրի սկզբից հաշվի են առնվել միայն բիզնես շահերը։ Նրա խոսքերով՝ փոքր կենտրոնից պետք է հեռացվեն տնտեսական կառույցները եւ դրանք կառուցվեն Երեւանից դուրս։
Իսկ ՕԵԿ ավագանու ցուցակի անդամ Հրայր Սարգսյանին էլ մտահոգում է Փակ շուկայի ճակատագիրը։ Նրա խոսքերով՝ հատակագիծը պետք է հասու լինի բոլորին։ Իսկ Երեւանը կարող է պահպանել իր նախկին տեսքը միայն կանաչապատ տարածքները ավելացնելով։
Երեւանի բարեկարգման եւ զարգացման ծրագիրը ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները տարբեր ձեւ են պատկերացնում։