12 գեղանկարիչ՝ համատեղ ցուցահանդեսով
Բազմագույն եւ բազմաթեմա կտավներում իրենց աշխարհն ու երազները արտահայտած հայ գեղանկարիչները այսօր Գեղարվեստի ակադեմիայի ցուցասրահում հանդես եկան ցուցահանդեսով:
Ակադեմիայի գեղանկարչության ամբիոնի 12 դասախոսներ ներկայացրեիցն վերջին շրջանի իրենց մի քանի աշխատանքներ, որոնց ծանոթացան ուսանողները:
«Ուսանողներին ներկայացել ենք այս ցուցահանդեսով, որպեսզի սերունդների փոխադարձ կապը եւ փորձի փոխանակումը լինի այս ցուցահանդեսի շնորհիվ»,-ասում է գեղանկարիչ Վիլիկ Զաքարյանը:
«Սկզբունք չկա, ամեն մեկը նկարում է իր զգացածով, ինչպես է իր պատկերացումներն է նկարչության մասին: Ազատ է, սկզբունք չկա սկսած ամենանորարարական նկարչությունից վերջացրած ռեալիստականով»,-ասում է գեղանկարիչ Ժորա Հայրապետյանը:
Գեղանկարիչներից ոմանք իրենց կտավներում անդրադառնում են նաեւ սոցիալական, ներքաղաքական խնդիրների, իսկ ոմանք համոզված են, որ գեղանկարչության մեջ քաղաքական թեմաներ չպետք է լինեն:
«Ինձ մոտ բազմաթեմա աշխատանքներ են եւ սիրում եմ խառը կոմպոզիցիոն թեմաներ անել: Ինձ թվում է արվեստը պետք է լինի արվեստի մակարդակում, արվեստի շրջանակներում, չպետք է անպայման քաղաքականություն մտնի»,-ասում է Վիլիկ Զաքարյանը:
Ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ ապրիլի 19-ը Գեղարվեստի Ակադեմիայի Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան ցուցասրահում: