«Եթե չգնա լուրջ քայլերի, ապա կհեղինակազրկվի» (տեսանյութ)
«Ավագանու ընտրություններում շատ կարևոր դեր են ունենալու «Ժառանգություն» կուսակցությունը և ՀԱԿ -ը, որը նոր տեսքով է ներկայանալու և կարծում եմ, որ Ավագանու ընտրություններում հետքրքիր լուծումներ են սպասվում»,-ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Ըստ քաղաքագետի՝ եթե ՀՀԿ -ին չհաջողվի հավաքել 48 տոկոս ձայն, ապա ընդիմադիր ուժերը միանալով կարող են հավաքել ավելի շատ ձայն, քան իշխող կուսակցությունը. «Իսկ, եթե քաղաքապետը լինի ոչ իշխանական թեկնածու, ապա դա կբերի լուրջ և արմատական փոփոխությունների» ։
Պարոն Բոզոյանի կարծիքով ընդիմադիր մյուս ուժերի մասնակցությունը նշանակում է, որ «Ժառանգությունը» չի կարողանա գրանցել իր ցանկալի արդյունքները. «Չնայած ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը բավականին բարձրացել է և ավագանու ընտրություններում զգալիորեն կբարելավի խորհրդարանական ընտրություններում գրանցած արդյունքները» ։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի միջև ընթացող պայքարը հիշեցնում է հայ - ադրբեջանական կոնֆլիկտը. «Ինչպես Արցախի խնդիրը լուծում չունի, քանի որ երկու կողմերի դիրքորոշումները բացարձակ տարբեր են, այնպես էլ այս կոնֆլիկտում Սերժ Սարգսյանի համար Րաֆֆիի պահանջները չափազանցված են, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը գողացել է իր ձայները և պետք է փոխհատուցի այն»։
Իսկ թե ինչպիսի՞ ելք կունենա խնդիրը՝քաղաքագետը դժվարացավ պատասխանել, չնայած չբացառեց, որ կարող է նաև բախումներ լինեն. «Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր կանգնած է լուրջ ընտրության առաջ։ Հաշվի առնելով պատմական դառը փորձը, նա փորձում է ռադիկալ քայլերի չգնալ նախկին դեպքերը չկրկնելու համար, իսկ եթե չգնա լուրջ քայլերի, ապա նա կհեղինակազրկվի»։