Զարուհի Փոստանջյանին դարձյալ չլսեցին (տեսանյութ)
ԱԺ այսօրվա քառօրյան սկսվեց ԱԺ «Ժառագության» քարտուղար Զարուհի Փոստանջյանի հարցով` ուղղված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին. «Պարոն Աբրահամյան, ցանկանում եմ պարզել` որտեղ, որ դահլիճում է տեղի ունենալու վաղվա ԱԺ հատուկ նիստը եւ ովքեր են գալու արտերկրից»:
«Տիկին Փոստանջյան, հատուկ նիստ անցկացնելու համար մենք որոշում արդեն կայացրել ենք, իսկ մնացած մանրամասները կարող եք ճշտել ԱԺ աշխատակազմից, թե ովքեր են գալու այդ նիստին»,- հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Զարուհի Փոստանջյանը շարունակեց` հայտարարելով. «Հարգելի պարոն Աբրահամյան, ձեր պատասխանից ես հասկացա, որ դուք չեք ցանկանում հնչեցնել հարցիս պատասխանը»: Սակայն նրա խոսքն ընդհատվեց, քանի որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անջատեց նրա միկրաֆոնը` պատճառաբանելով. «Ձեր ասածը կապ չունի կանոնակարգի հետ»:
Զարուհի Փոստանջյանը եւս մեկ անգամ փորձեց հայտարությամբ հանդես գալ եւ այդ նպատակով խնդրեց միացնել իր միկրաֆոնը. «Պարոն Աբրահամյան, խնդրեմ ինձ պարզաբանել, որ դուք նախորդ անգամ վստահեցրիք, որ մեղավոր չեք, որ իմ միկրաֆոնը անջատում են, հիմա ինչու չեք միջամտում, որ իմ միկրաֆոնը չանջատեն»:
Հովիկ Աբրահամյանի փոխարեն նրան պատասխանեց Էդուարդ Շարմազանովը. «Մեղավորը կանոնակարգն է, որ ձեզ նման հնարավորություն չի տալիս»:
Տիկին Փոստանջյանն արձագանքեց` ասելով. «Ճիշտն ասած, հասարակության մեջ տարածված այն կարծիքը, որ ԱԺ-ն այլ հաստատաություն է, ես սկսում եմ համոզվել...»: Այս անգամ եւս Էդուարդ Շարմազանովն անջատեց նրա միկրաֆոնը. «Ես ձեզ մեծ հաճույքով հնարավորություն կտամ խոսելու հայտարարությունների ժամին»:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձավ այս լեզվակռվին` ասելով. «Մի քիչ դժվար է հասկանալ կանոնակարգը, որտեղ նշված է, որ նիստը վարողը մի դեպքում կարող է անջատել ելույթ ունեցողի բարձրախոսը, երբ վերջինս բանավեճ է հրահրում. այստեղ ես մի բանավեճ տեսա, պարոն Շարմազանով, որը դուք եք հրահրում: Բացատրեք ինձ, կանոնակարգի որ կետով եք դուք առաջնորդվում»:
ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը եւս անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի խոսք չտալուն` նշելով. «Հարգելի ԱԺ ղեկավարություն, եթե կանոնակարգ է խախտվում ու ելույթ ունեցողը այլ բանից է խոսում, այդ դեպքում, այո, դուք իրավունք ունեք անջատելու բարձրախոսը, բայց դուք անգամ չեք լսում, թե ելույթ ունեցողն ինչ է ասում. առաջին 2 բառից հետո անջատում եք, դրանով հենց դուք եք կանոնակարգ խախտում. միգուցե այդ երկու բառից հետո նա անդրադառնում է բուն օրակարգի թեմային»: «Պատգամավորների մտքի իմաստը հասկանալու համար մինչեւ վերջ պետք չէ նրանց լսել»,- արձագանքեց Էդուարդ Շարմազանովը:
Իսկ Հովիկ Աբրահամյանը բոլորին հորդորեց հաշտություն ու համերաշխություն. «Բոլորին պատրաստ եմ պարզաբանում տալ, ու ես իմ պատասխանատվությունը ոչ մեկի վրա չեմ դրել»: