Իշխանություններն էլ կկրկնե՞ն 2008թ (տեսանյութ)
«Օրինաց երկիր» կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է առաջիկա քաղաքական գործընթացներին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նա հիմնականում անդրադարձավ Երեւանի ավագանու ընտրություններին՝ նշելով, որ ՀՀ-ում ձեւավորված է առողջ մրցակցային մթնոլորտ ու ընտրությունները կանցնեն հենց այդ պայմաններում:
«Ընտրություններին մենք՝ ԱԻ նախարար, ՕԵԿ ավագանու ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանի հետ միասին մասնակցում ենք հաղթելու վճռականությամբ. սա անձերի մրցակցություն է, այլ ոչ թե քաղաքական եւ կոալիցիոն մրցապայքարի խնդիր չկա:
Չթերագնահատելով գործող քաղաքապետ, ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի աշխատանքը՝ մենք ասում ենք, որ մեր թեկնածուն կարող է անել ավելին»,- ընգծեց նա:
Արթուր Բաղդասարյանը նկատեց, որ այսօր ընտրությունների անցման շեմը 6 տոկոսն է. «Սակայն մենք չենք խոսում 6 տոկոսի մասին. այսօր մրցակցային առավելություն ունեն Տարոն Մարգարյանը եւ Արմեն Երիցյանը, որոնց շնորհիվ շատ հետաքրքիր մրցապայքար կլինի»:
Ի դեպ, վաղը ժամը 11:30-ին Արմենիա-Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսը:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերին եւ ապրիլի 9-ին նախատեսված միանգամից երկու երդմնակալության արարողություններին (Սերժ Սարգսյան եւ Րաֆֆի Հովհաննիսյան-խմբ.), Արթուր Բաղդասարյանը նշեց. «Ես այդ մոտեցումները անընդունելի եմ համարում. նախ եւ առաջ ՀՀ նախագահի ընտրություններն արդեն ավարտվել են եւ հիմա երկրում ձեւավորվել է վտանգավոր մի նախադեպ, երբ թեկնածուներից մեկը ինքնահռչակում է իրեն երկրի թագավոր: Րաֆֆի Հովհաննիսյանը կրկնեց այն, ինչ տեղի ունեցավ 2008թ., երբ այն ժամանակվա ընդդիմադիր ակտիվ ուժն իրեն նախագահ հռչակեց ու նախարարներ սկսեց նշանակել»:
Պարոն Բաղդասարյանն անընդունելի է համարում նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանին ներկայացրած պահանջները. «Ես չեմ հասկանում, ինչ է նշանակում՝ կառավարության 8 կարեւորագույն պաշտոնները ստանձնելու դեպքում պատրաստ եմ ճանաչել Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը: Պետք է ասեմ, որ կառավարությունը չի կարելի մասնատել՝ հարկ հավաքողները լինեն ընդդիադիրներ, իսկ թոշակ բաժանողները՝ իշխանությունից, ըստ Սահմանադրության էլ դա չի կարող տեղի ունենալ, քանի որ իշխանությունը մեկ միասնական օրգանիզմ է»:
Այնուհետեւ, Արթուր Բաղդասարյանը կրկնեց համագործակցության այն նույն առաջարկությունները, որոնք Սերժ Սարգսյանն արել է Րաֆֆի Հովհաննիսյանին. «Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հասկանա՝ չի կարելի լինել ընդդիմություն ու միաժամանակ իշխանության մեջ. որեւիցե երկրում նման պրակտիկա չկա»:
Ըստ նրա՝ կառավարության բոլոր ոլորտներն այսուհետ պետք է կառավարեն կիրթ ու բանիմաց մարդիկ. «Հղփացած ու հոգնած մարդկանցից ընտրված նախագահը արդեն պետք է ազատվի, օրինակ, ինչպես տեղի ունեցավ սոցիալական ոլորտում: Կամ էլ կան պաշտոնյաներ, որոնք 20 տարի է՝ նույն պաշտոնին են ու արդեն պետք է բնական ճանապարհով տեղի ունենա կադրային փոփոխություներ. մարդիկ փոփոխություններ են ուզում, մարդիկ նաեւ ուզում են արդարություն, ոչ միայն հաց»: