Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ռոքերները կհարստանա՞ն (տեսանյութ)

Հասարակություն
3f326d1bd964934ee38695537bfe983e

«Արմռոքֆեստ» մրցույթը հայ սկսնակ և ոչ հայտնի ռոք երաժիշտներին հնարավորություն է տալիս մուտք գործել միջազգային ասպարեզ։

«Միակ երաժշտությունը, բացի դասականից, դա ռոքն է, որը թույլ կտա հայերին դուրս գալ միջազգային ասպարեզ։ Փորձում ենք ակումբներից հանել ռոք երաժիշտներին, քանի որ աշխարհում ամենահարուստ երաժիշտները ռոքերներն են, ուզում ենք, որ Հայաստանում էլ լավ ապրեն»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Արմռոքֆեստ» մրցույթ-փառատոնի կազմակերպիչ Վարդուհի Դավթյանը։

Մրցույթ-փառատոնը Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում: Վարդուհին խոստանում է, որ այն լինելու է ամենամյա և մրցույթին կարող են մասնակցել 18-32 տարեկան բոլոր ռոք երաժիշտները, ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից. «Հայտերը ընդունում ենք մարտի 15-ից մինչև ապրիլի 15-ը, բայց աշխուժություն վերջին երեք օրն եմ տեսնում, կարող է երկարացնենք, դա կախված է դրսի խմբերի հետ»։

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով, սահմանված են նաև մրցանակներ 1, 2 և 3-րդ տեղերի համար։ Առաջին երկու տեղերի համար գումարային մրցանակ, իսկ 3-րդ տեղը զբաղեցնողը հնարավորություն կունենա ձայնագրվել Հայաստանի լավագույն ստուդիաներից մեկում։

«Արմռոքֆեստ» մրցույթ-փառատոնը տեղի կունենա Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում, մայիսի 16-ին և 17-ին։ Վարդուհի Դավթյանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ռոքը բողոքի մի ձև է և վերջին շրջանում հայ երիտասարդ ռոք երաժիշտների ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ մեր երկրում բողոքելու շատ բան կա. «Քանի որ հիմա չենք կարողանում պատերազմել, պետք է պատերազմել երաժշտության միջոցով»։