ՀԱԿ-ը դուրս կգա Էթիկայի հանձնաժողովից (տեսանյութ)
Այս օրերին ԱԺ ՀԱԿ խմբակցությունը վերանայում է իր մասնակցությունը Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նիստերին.
«Անկեղծ ասած` ես այլեւս շատ չեմ հետաքրքրվում այդ հանձնաժողովով, քանի որ անիմաստ եմ համարում մեր մասնակցությունն այնտեղ եւ կարծում եմ իրականում մենք կդադարեցնենք մեր մասնակցությունն այնտեղ, խմբակցությունը կարծում եմ դրական որոշում կկայացնի իմ ներկայացրած տեսակետին»,- ասում է ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։
Տիկին Սարգսյանը հանձնաժողովում է գարնանային նստաշրջանից եւ փոխարինում է` ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Նա հասցրել է մասնակցել ընդամենը 2 նիստի. «Բայց նույնիսկ 2-րդի կարիքը չկար, ամեն ինչ շատ հստակ էր, շատ տեսանելի: իմ կարծիքը ձեւավորվել է հենց առաջին նիստից հետո: ՀՀԿ-ն արդեն աշնանային նստաշրջանում հասկացավ, որ դա միակ հանձնաժողովն է, որտեղ նա վերահսկողություն չի կարողանում անել եւ որոշեց այդ բացը շտկել»։
ԱԺ որոշմամբ` հանձանաժողովի կազմում գարնանային նստաշրջանում ընդգրկվեց եւս մեկ ՀՀԿ պատգամավոր, որի արդյունքում ՀՀԿ եւ ՕԵԿ իշխանական կոալիցիայի անդամների թիվը բավական դարձավ ցանկացած որոշում իրենց օգտին անցկացնելու համար;
«Դա փոքրոգությունն էր ՀՀԿ-ի կողմից եւ թեկուզ իրենց շահերից ելնելով եւ ժողովրդավարության շղարշ ստեղծելու համար գոնե պետք է թույլ տային, որ Էթիկայի հանձնաժողովը իր գործառույթը իրոք կարողանար իրականացնել»,-ասաց տիկին Սարգսյանը։
Մինչ ՀԱԿ-ի Էթիկայի հանձնաժողովից դուրս գալը` Լյուդմիլա Սարգսյանը կարծիքով, իրենք այդ հարցը պետք է համաձայնեցնեն նաեւ ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հետ: Այս նպատակով ՀԱԿ-ը կխորհրդակցի նրանց հետ: