Երբ կաշառք պահանջում է բարեկամդ
Վերջին վեց ամիսների ընթացքում հակակոռուպցիոն կենտրոններ են դիմել մի քանի հարյուր քաղաքացիներ: Միայն վերջին կես տարում Երևանի հակակոռուպցիոն կենտրոն են դիմել 643 դեպքով, որոնցից 107-ը որակվել է որպես կոռուպցիոն: Լոռու մարզի հակակոռուպցիոն գրասենյակ դիմել են 218 դեպքով, որոնից 24-ը որակվել են կոռուպցիոն գործեր:
«Մեզ մոտ գրանցված ավելի սուր դեպքերը կապված են դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների և իրավապահ մարմինների հետ, իսկ գերակշիռ մաս են կազմում իրավապահ մարմինների հետ առնչություն ունեցող մարդկանց իրավունքների խախտումները»,- այսօր լրագրողներին ասաց Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Արթուր Սուքիասյանը:
Այս կենտրոնները քաղաքացիներին անվճար իրավաբանական ծառայություններ են մատուցում և օգնում են վերականգնել խախտված իրավունքները: Հակակոռուպցիոն կենտրոնը նույնիսկ ունեցել են դատական բոլոր ատյաններով անցած հաջողված գործեր: Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Մարատ Ատովմյանի հավաստմամբ կան գերատեսչություններ, որոնք խուսափողական կեցվածք են ընդունում, երբ հակակոռուպցիոն կենտրոնները դիմումներ են հղում նրանց ինչ-որ բան պարզելու համար:
«Օրինակ՝ նախարարություններից կամ որևէ այլ պետական մարմիններից եկած պատասխանների տակ` որպես կատարող նշվում է ինչ-որ մի վարչություն, չի նշվում կոնկրետ անձ, ով այդ գործով զբաղվում է: հետո գրեթե անհնար է լինում այդ վարչությունում գտնել այդ անձին»,- ասում է Մարատ Ատովմյանը:
Ի տարբերություն մայրաքաղաքի` կոռուպցիայի դեպքերն ավելի բարդ է բացահայտելը մարզերում: Պատճառն այն է, որ մարզերում ապրող բնակիչները հաճախ բարեկամներ են լինում:
«Հաճախ է պատահում, որ այն պաշտոնատար անձը, որ թույլ է տվել օրինախախտում, հանդիսանում է տուժած քաղաքացու այս կամ այն աստիճանի ծանոթը կամ բարեկամը: Այստեղ մենք խնդիր են ունենում քաղաքացիների կաղմից խնդիրը հնչեցնելու»,- ասաց Տավուշի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Վահագն Թամրազյանը: