ՀՅԴ-ն արտահերթ նիստ կանի, եթե...
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այս նախագծով ՀՅԴ-ն, ըստ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի, անդրադառնում են ատամնաբույժների բարձրացրած խնդիրներին:
Հիշեցնենք, որ այս օրենքում նախկինում կատարված փոփոխություններով բարձրացվել էր ատամնաբույժների հարկերը: ՀՅԴ-ն ստացել է կառավարության կոշտ բացասական եզրակացությունը, որը, Արծվիկ Մինասյանի խոսքերով, պարունակում է նաեւ բազմաթիվ ներքին հակասություններ:
«Գործող օրենքով ատամնաբույժների հարկային բեռը երեք անգամ աճել է. եթե ատամնաբույժը նախկինում միջին հաշվով վճարում էր 17-20 հազար դրամ, հիմա այն կազմում է միջինում 60-80 հազար դրամ:
Միանգամից բարձրացումը բերելու է կաթվածահար վիճակի այս ոլորտում: Փոքր եւ միջին ատամնաբուժարանները պետք է ունենան մոտավորապես 25-30 մլն դրամի շրջանառություն, որպեսզի կարողանան այս բեռի տակ դիմանալ: Մեր առաջարկն է` խրախուսել ոչ թե խոշոր ատամնաբուժարաններին, այլ փոքր ու միջինին»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը` ավելացնելով, որ ՀՅԴ-ն առաջարկում է ամսական 40-50 հազար դրամ արտոնագրային վճար, որը նա համարում է հարկային բեռի իրական թեթեւացում:
Ի դեպ, կառավարությունը ՀՀԿ խմբակցության ներկայացրած նախագծի վերաբերյալ դեռեւս ոչ մի եզրակացություն չի տվել, իսկ ԲՀԿ-ի նախագծի վերաբերյալ եւս բացասական եզրակացություն է տրվել: «Թե մեր, թե ՀՀԿ, թե ԲՀԿ առաջարկները, ըստ էության, այլընտրանքային նախագծեր են, եթե հաջողվի միավորել դրանք, ապա դա հեղափոխական կլինի: Մենք պատրաստ չենք շատ մեծ զիջումների, քանի որ գտնում ենք, որ առանց այն էլ շատ կոշտ ու կոպիտ միջամտություն է տեղի ունեցել ատամնաբույժների գործունեության մեջ:
Մենք պատրաստ ենք քննարկել միասնական տարբերակով հանդես գալու տարբերակը, սակայն իմ սուբյեկտիվ կարծիքով, կառավարությունն իր այդ գործողություններից հետ չի կանգնի»,- նկատեց Արծվիկ Մինասյանը:
Այսօր ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում մյուս պատգամավորների հետ համաձայնության են եկել` առաջիկա 10 օրվա ընթացքում առանձին քննարկում անել. «Եթե կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունը մնան իր կոշտ դիրքերին, մենք ստիպված արտահերթ նիստով քննարկման առարկա կդարձնենք մեր առաջարկած տարբերակը»: