«Պայքար է գնում, թե այդ փողի վրա ով կնստի» (տեսանյութ)
Երեւան քաղաքի ավագանու ընտրությունները քաղաքական են հատկապես նրանց համար, որոնք չեն մասնակցել նախագահի ընտրություններին,-ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը
«Փորձում են Երեւանով տեղը լրացնել»,- շարունակում է նա։
Ըստ հանրապետական պատգամավորի՝ եթե նույնիսկ ընդդիմադիրը դառնա Երեւանի քաղաքապետ, ինքը չի կարող խնդիրներ ստեղծել իշխանության համար
«Աղբահանություն անելու համար ի՞նչ պիտի կառավարության հետ հակադրվի»,- ասում է նա։
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի կարծիքով՝ ավագանու ընտրությունները քաղաքական են, ընդդիմադիր քաղաքապետը կարող է խնդիրներ ստեղծել իշխանության համար չկատարելով նրա անօրինական հանձնարարականները. «Սկսած հողերի հատկացումներից, շինարարության, չգիտեմ ինչ, թույլտվություններից վերջացրած առեւտրական տարածքների հատկացմամբ»։
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» հ/կ նախագահ Ստեփան Դանիելյանը նույնպես կարծում է, որ ավագանու ընտրությունները քաղաքական են, որքանով քաղաքական է փողի համար կռիվը
«Պայքար է գնում, թե այդ փողի վրա ով կնստի»,-ասում է նա։
Հասարակական գործիչը չի մոռանում, որ Հայաստանում իշխանությունները ձեւավորվում են կեղծված ընտրությունների միջոցով, հետեւաբար` ի՞նչ տարբերություն, դրանք ավագանու, թե նախագահի ընտրություններ են. «Այսինքն, փողը եւ ընտրակեղծիքները դրանք քաղաքական կատեգորիա են»։
Քաղաքական ընտրություններին, ըստ պարոն Դանիելյանի, քաղաքական միջամտություն են ցուցաբերում քրեական տարրերը, քրեակատարողական հիմնարկները, ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը:
«Հետեւաբար ընտրություններում կհաղթի Հանրապետական կուսակցությունը»,- եզրափակում է Ստեփան Դանիելյանը։