Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացադուլ դատախազության մոտ

Հասարակություն
c141806137243c3b2316db876e9ff538

Երեւանցի Սուսիկ Հակոբջանյանն արդեն 5-րդ օրն է` գալիս է Գլխավոր դատախազություն եւ պահանջում հանդիպում Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Այսօրվանից նա հացադուլ է հայտարարել, որի մասին վկայում է նաեւ ձեռքին պահած ցուցապաստառը: «Ա1+»-ի հետ զրույցում տիկին Հակոբջանյանը հայտարարեց, որ 3 օր Գլխավոր դատախազության մոտ հացադուլ անելուց հետո, այն կշարունակի Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ:
Պատճառն հետեւյալն է: Սուսիկ Հակոբջանյանի պատմելով` իր որդուն ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսուչները մեղադրում են անհատ ձեռնարկատիրության մեջ, թե իբր նա տանը գաղտնի զբաղվում է բիզնեսով:

Տիկին Հակոբջանյանը վստահեցնում է, որ իր որդին` Հրաչիկ Աղաբեկյանը, հասարակ բանվոր է տպարանում, որի տնօրենն ապրանք է ներկրել Հայաստան իր որդու անունով` առանց նրանից այդ մասին թույլտվություն հարցնելու: Դա է պատճառ հանդիսացել հարկային տեսուչներին իր որդուն ապօրինի ձեւով հարկատու դարձնելու եւ նրանից մուծումներ պահանջելու համար: Անգամ ժամանակին պահումներ են արվել տիկին Հակոբջանյանի թոշակից:

Հուսահատ մայրը որոշել է ինքը որդու շահերը պաշտպանել եւ նամակներ ու դիմումներ է անհույս ներկայացնում տարբեր գերատեսչություններ, այդ թվում` Գլխավոր դատախազություն, սակայն ապարդյուն:

Սուսիկ Հակոբջանյանը չի պատրաստվում գիշերել դատախազության շենքի մոտ. «Կգնամ տուն, կհանգստանամ, վաղը նորից կգամ»:

Մեր այն հարցին, թե արդյոք այդ դեպքում նրա հացադուլն անիմաստ չի լինի: «Ոչ, մեկ է տանը ոչինչ չունեմ ուտելու, գնամ ումից պարտք վերցնեմ, հաց առնեմ: հանգիստ կպառկեմ, կքնեմ, վաղը նորից կգամ»,- եղավ նրա պատասխանը: