Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

13,6 մլն ԱՄՆ դոլար՝ «Դվին»-ի համար

Հասարակություն
cde00071f7b8e690adf1378627fa7b45

ՀՀ կառավարության 2004թ.-ի մարտի 11-ի որոշմամբ «Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով մասնավորեցվել են «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ-ին (ներկայիս «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՍՊԸ): Պետական գույքի կառավարման վարչության և գնորդի միջև 2004թ.-ի մայիսի 14-ին կնքված՝ «Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի առուվաճառքի (մասնավորեցման) մասին պայմանագրով գնորդը պարտավորվել է պայմանագրի կնքումից հետո 5 տարվա ընթացքում «Դվին» հյուրանոցային համալիրը վերակառուցելու, արդիականացնելու և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կատարել մինչև 30 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով, սակայն 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամից ոչ պակաս չափով ներդրում: Գնորդի կողմից, սակայն, ներդրումային պարտավորությունները չեն կատարվել:

Վերոնշյալ պայմանագրերով գնորդի կողմից պարտավորությունների չկատարմանը վերաբերող դրույթները հստակ չեն սահմանվել, մասնավորապես, պարտավորությունների չկատարման համար տույժ-տուգանքների կիրառման պայմանները չեն ներառվել, ինչպես նաև չի ներառվել պայմանագրային պարտավորությունների չկատարման հիմքով դատարան դիմելու իրավունքը: Պատճառն այն է, որ պայմանագիրը կնքվել է մինչև «Պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրերում պարտավորությունների ամրագրման և դրանց կատարման վերահսկման գործընթացը կանոնակարգելու մասին» ՀՀ կառավարության 2004թ.-ի օգոստոսի 26-ի որոշման ընդունումը և որոշման 1-ին կետով նախատեսված` պետական գույքի մասնավորեցման պայմանագրի տիպային ձևը հաստատելը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության իրավաբանական ծառայության և «Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի գնորդ «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՍՊԸ-ի միջև կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությամբ առաջարկվել է լրացում և փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 11-ի որոշման մեջ, որով գնորդը պարտավորվել է վարչության հետ կնքել պայմանագիր՝ նախագծում ամրագրված պայմանների առկայության պարագայում:

Սրանից ելնելով` ՀՀ կառավարությունն առաջարկում է իր վերոհիշյալ որոշման մեջ փոփոխել ներդրումների կատարման ժամկետները և սահմանել գնորդի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում, տույժ, տուգանքների կիրառում:

«Պետական գույքը մասնավորեցնելու մասին» 2004թ.-ի մարտի 11-ի կառավարության որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծն արդեն իսկ ներառված է ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստի օրակարգում:

Ըստ այդմ, մասնավորապես, առաջարկվում է ամրագրել, որ մինչև 2016 թ.-ը «Դվին» հյուրանոցային համալիրը վերակառուցելու, արդիականացնելու և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կատարվելու է 13,6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով ներդրում, այդ թվում՝ 2013 թ.-ի ընթացքում՝ 850 հազար ԱՄՆ դոլարին, 2014 թ.-ի ընթացքում՝ 3 մլն 970 հազար ԱՄՆ դոլարին, 2015 թ.-ի ընթացքում՝ 8 մլն 780 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:

Լրացուցիչ նախատեսվում է ամրագրել, որ սահմանված ժամկետում գնորդի կողմից պայմանագրով նախատեսված հերթական ներդրումն ամբողջությամբ չկատարելու դեպքում վերջինս պարտավորվում է տվյալ ներդրումը կատարելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո մեկամսյա ժամկետում պետական բյուջե վճարել տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 6%-ի չափով:

Ժամանակացույցով սահմանված վերջնաժամկետի ավարտից հետո, պարտավորություններն ամբողջությամբ չկատարելու դեպքում, գնորդը պարտավոր է ՀՀ կառավարության կողմից առաջարկվող նոր ներդրողին օտարել «Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 %-ը կամ դրանց մի մասը` ըստ ՀՀ կառավարության պահանջի, միջազգային ճանաչում ունեցող անկախ գնահատողի կողմից գնահատված բաժնետոմսերի լիկվիդային շուկայական արժեքից 20% նվազեցված գնով, ներառյալ բոլոր տեսակի հարկերը: Բաժնետոմսերի վաճառքի գինը պետք է նվազեցվի նաև գնահատման ծախսերի չափով: Մինչև ՀՀ կառավարության կողմից համապատասխան առաջարկություն ներկայացնելը գնորդը կարող է բաժնետոմսերն օտարել իր նախընտրած ներդրողին:

«Փաստինֆո»