Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահանակներն էլ բաշխվեցին

Քաղաքականություն
a2ff19f0144e5e61a85e029248c11d82

Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև բաշխել է նաև հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու իրավունքը: Բաշխումն իրականացվել է` հաշվի առնելով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված հայտերը, ինչպես նաև վահանակները տնօրինող կազմակերպությունների կողմից տրամադրված վահանակների ցանկերը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ վահանակները տնօրինող կազմակերպությունների կողմից տրամադրված 216 վահանակներից 9-ի վերաբերյալ հայտեր չէին ներկայացվել: Այն 48 վահանակները և վահանակների կողմերը, որոնց վերաբերյալ ներկայացվել է միայն մեկ հայտ, պաստառներ փակցնելու իրավունքը վերապահվել է միակ հայտը ներկայացրած կուսակցություններին, իսկ մնացած 159 վահանակները (227 մրցակցային կողմ), որոնց վերաբերյալ ներկայացվել էին մեկից ավելի հայտեր, առանձնացվել են որպես մրցակցային վահանակներ և խմբավորվել: Յուրաքանչյուր խմբում ներառվել են այն վահանակները, որոնց միևնույն կողմի վրա հայտ էին ներկայացրել միևնույն 2, 3, 4, 5, 6 կամ 7 կուսակցություններ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մրցակցային համարվող վահանակների մրցակցային կողմերը «MS VISUAL STUDIO» ծրագրի միջոցով բաշխել է հայտ ներկայացրած կուսակցությունների միջև` հաշվի առնելով մրցակցային համարվող վահանակների մրցակցող բոլոր կողմերի ընդհանուր թիվը և այդ կողմերի համար ներկայացված հայտերի ընդհանուր թիվը` ապահովելով յուրաքանչյուր կուսակցության հայտի մրցակցող մասի համամասնորեն հավասար բավարարման սկզբունքը: