Հովհաննիսյանը զարմացրել է Հովհաննիսյանին
Սուրբ Հարության տոնին Րաֆֆի Հովհաննիսյանի դադարեցրած հացադուլը խիստ հակասական քայլ է որակում Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
«Մենք տեսանք, թե ինչպես սկզբից Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դա ծոմ չէ, դա քաղաքական պայքարի ձեւ է, քաղաքական ակցիա է, իսկ երբ հացադուլից դուրս եկավ, երեկ հայտարարեց, որ դա ծոմ էր: Այստեղ սեփական ակցիայի վերաբերյալ հակասական գնահատականներ էին»,-ասաց Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Նա կարծում է, որ հետընտրական «Ճղճիմ գործընթացները» հանգեցրին նրան, որ
ընտրություններից անմիջապես հետո հրապարակում ստեղծված զգացմունքային, բավականի լուրջ էներգետիկայով լեցուն մթնոլորտը լիցքաթափվեց ու պարտվեց:
«Պարտվեց ոչ թե նրա համար, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը արյունավետ չէր, այլ այն պատճառով որ այդ հացադուլի շուրջ հրապարակում սկսեցին գործընթացեր, որոնք կասկածներ առաջացրեցին մարդկանց մոտ»,-ասում է Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ սխալ է նաեւ այն ձեւակերպումը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, թե իշխանությունը պետք է կիսել ժողովրդի հետ:
«Իշխանությունը կամ վերադարձնում են ժողովրդին, կամ օտարում ժողովրդից: Եթե Սերժ Սարգսյանը գողացել է իշխանությունը, ոտնահարելով ժողովրդի կամքը, ապա այդ դեպքում դու ինչպե՞ս պետք է նրա հետ բանակցես իշխանությունը կիսելու հարցում, որովհետեւ գողը իր ավարը, իր խլած իշխանությունը կկիսի մեկ այլ գողի հետ»,-հավելում է Հովհաննիսյանը:
Այս պարագայում, ըստ նրա, Րաֆֆի Հովհաննիսյանն ունի 2 ճանապարհ՝ կամ ապացուցելու, որ ժողովուրդը իսկապես իշխանությունը չի տվել, չի պատգամել այն խմբին, որն այսօր իշխանության ղեկին է, կամ ակտիվացնել ժողովրդին ու գնալ թավշյա հեղափոխության կազմակերպման ճանապարհով: