ԲՀԿ-ն ընտրակաշառք կբաժանի՞
ԲՀԿ ակտիվիստները ընտրողների ցուցակները ձեռքներին ճշտում են, թե ովքեր են Հայաստանում, ովքեր են գնալու ընտրության, եւ ոչ միայն։
Նրանք նաեւ առաջարկում են Երեւանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ին ընտրել, ինչ դիմաց խոստանում են վճարել ամեն ընտրողին 10 կամ 15 հազար դրամ:
Այսպիսի մի պատկերի ականատես է եղել «Ա1+»-ի թղթակիցը Աջափնյակ համայնքում։
Երբ մեր թղթակիցը փորձել է հասկանալ, թե կոնկրետ երբ եւ որքան են վճարելու այն ընտանիքին, որտեղ երկու ընտրող կա, երիտասարդներն ասացին, որ իրենք հիմա ճշտում են, թե քանի հոգի ունեն ԲՀԿ-ին քվեարկող, որ հետո գումարը բերեն բաժանեն, իսկ չափը դեռ իրենք էլ հստակ չգիտեն` կամ 10 կամ 15 հազար դրամ:
Պարզեցինք,որ համայնքի յուրաքանչյուր փողոցի համար նշանակվել են պատասխանատուներ` 18- 30 տարեկան երիտասարդներ, որոնք ամիսը 60 հազար դրամով կատարում են «տուն առ տուն» ծրագիրը:
«Հետաքրքիր է՝ ընդդիմության դիրքերից հանդես եկող այս կուսակցությունը եթե փողով է ուզում ընտրվել, տարբերությունը ո՞րն է լինելու»,- հարցրեց տանտերը հանկարծակի այցելած հյուրերին:
Տղաներն առանց կարկամելու պատասխանեցին. «Մենք չգիտենք, մորքուր ջան, մեր համար էլ մեկ ա, մենք մեր փողի տերն ենք»
Այս պատկերի ֆոնին առավել քան տպավորիչ է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունները zham.am-ին տված հարցազրույցում։
«Ժամանակն է, որ ուժերը, որոնք առաջնորդվում են ամեն գնով իշխանություն պահելու ֆիքսացիայով, վերջապես հասկանան, որ ժողովրդի փոխարեն անընդհատ ընտրություն կատարելով` իրենք երկիրը տանում են վերջնական փակուղի: Բոլոր կարգի ամբարտավան հայտարարությունները` Երևանը բրոնյա անելու, Երեւանը չհանձնելու մասին, վստահ եղեք` մայիսի 5-ին իրենց պատասխանը ստանալու են: Ուզում եմ զգուշացնել քաղաքային այս ընտրությունը հերթական` կենաց-մահու պայքարի վերածելու մտադրություն ունեցողներին:
Արդեն իսկ բազմաթիվ ահազանգեր կան գոյություն չունեցող հասցեներում մարդկանց գրանցումների, տարբեր խանութպան-պատգամավորներին պատկանող խանութների նկուղների վրա հարյուրավոր մարդկանց գրանցումների, ինչպես նաեւ ոստիկանական այլ «նյու-հաուների» մասին: Այս ամենը հատ-հատ եւ կոնկրետ պատասխանատուների անուններով ներկայացվելու է երեւանցուն: Համախոհ քաղաքական ուժերի հետ միասին թույլ չենք տալու, որ հերթական անգամ ժողովրդի քվեն կեղծեն ու իմիտացիաներով տարբեր կարգի եվրոչինովնիկ կերակրեն»,-ասել է նա։