«Բոլորը գեներալ են այստեղ» (տեսանյութ)
Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր տանող ճանապարհի երկայնքով սփռված պոլիէթիլենային տոպրակները սրբերին ուղղված երազանքներ չեն, որ մարդիկ թաշկինակների փոխարեն կախում են ծառերից։ Դրանք աղբ են, որ քամին է բերել բոլոր կողմերից:
Դաշտերում եւ գյուղի մեջ վազող շները հաճախ են դառնում ադրբեջանցի դիպուկահարների թիրախ։ Նրանք զվարճանում են։ Իրեն զվարճանալ չի կարող թույլ տալ փոքրիկ գեղեցկուհին,ով պապիկի հետ աշխատում է այգում։ Սակայն այդ պահին նա պետք է լիներ մանկապարտեզում
Փոքրիկի տատը Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ Զվարթ Շառյանը բացատրում է. «Ի վիճակի չի պարտեզի, մանկապարտեզի հախը մուծի, որ իրա երեխեն մանկապարտեզ գնա»։
Շառյան ազգանունը տարածված է Ներքին Կարմիրաղբյուրում, սա գյուղ է հենց շառ ու փորձանքի քթի տակ։ Տեղացիները հաճախ այլ գյուղերի վրա արձակվող կրակոցներն են լսում ու սարսափում, թե երբ հերթը կհասնի իրենց։
10-ամյա Հայկը երազում է ունենալ մայրաքաղաքի նման մի Հայրենիք, որի վրա ոչ ոք չի կրակի։ Հայկի տան վրա ադրբեջանցիները կրակել են, երբ ինքը քրոջ հետ տանն էր, փամփուշտները պահպանվել են
Հայկ Շառյանը պատմում է. « Մեր տունը երեք պատրոն կա, մեկը տրանսիր ա, տրանսիրը պատերին ա տվել, մեկն էլ տրանսիր չի, քույրիկի վրա ա գնացել, բայց չի կպել, գլխովը գնացել ա»
Հայկը գիտի, թե որտեղից են կրակում ադրբեջանցիները։ Ինքը դպրոցում սիրած աղջիկ ունի , իսկ ադրբեջանցիները կրակում են նաեւ դպրոցի վրա, հավանաբար եռագույն դրոշի վրա են նշան բռնում։
«Մանկապարտեզից սկսած մինչեւ ծեր թոշակառու՝ գեներալ են այստեղ»,-ասում է գյուղապետ Մանվել Կամենդատյանը։
Գյուղապետը նկատի ունի գյուղացիների հերոսությունը, թե ինչ պայմաններում են ապրում նրանք։ Իսկ գյուղացիները խոսում են, թե ինչպես են նախագահի ընտրությունների ժամանակ քաղաքից գալիս ու փորձել կաշառել իրենց Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար
76-ամյա կինն ապշում է, երբ իմանում է, որ երկրի ղեկավարը կրկին Սերժ Սարգսյանն է։ Չի հասկանում՝ ինչպե՞ս, գյուղին նորվեգացիներն են օգնում են, ինչու՞ է նախագահ դառնում մեկ ուրիշը ։
«Բա էդ Սերժը մի հետ բարի եղնի, գա մեր գեղը մտիկ անի, էլի»,-ասում է
Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Հայկուշ Ադամյանը։
Ներքին Կարմիրաղբյուրում շատ են ռմբակոծված ավերակները եւ փչացած տեխնիկան։ Վերջին նվիրատվությունը մի քանի ամիս առաջ տրակտորի տեսքով արել է Գագիկ Ծառուկյանը, գյուղացիները գիտեն, թե ում տանն է տրակտորը։ Բայց դեռ չեն տեսել։
Հոդվածը պատրաստվել է լրագրողական այցի շրջանակներում։ 2013 թվականի մարտի 24- 26 ին Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը լրագրողական այցելություն էր կազմակերպել Տավուշի մարզ՝ սահմանամերձ գյուղերի խնդիրները լուսաբանելու համար։