Տարոն Մարգարյան. «Ինձ թվում է` բարի գործ է» (տեսանյութ)
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր անձամբ էր եկել Հանրապեպետության հրապարակ՝ ծանոթանալու նոր ներկրված ավտոբուսներին: Դրանք փոխարինելու են նույն երթուղային գիծերը սպասոարկող միկրոավտոբուսներին: Մեկ տարվա ընթացքում քաղաքապետարանի կողմից ներկրվել են 350, իսկ մասնավոր ընկերությունների կողմից` 90 ավտոբուս:
«Մինչև տարեվերջ մոտ 100 ավտոբուսներ ևս մասնավորի կողմից կներկրվեն: Ժամանակին Երևանում 2600 միկրոավտոբուսներ կային, այսօրվա դրությամբ արդեն 1700-ն են մնացել»,- ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Տարոն Մարգարյանը վստահեցնում է, որ նոր ավտոբուսների շահագործումը պայմանավորված չէ մայիսի 5-ին սպասվող Երևանի ավագանու ընտրություններով։
«Երբ որ մենք 2012թ.-ին էլ էինք ավտոբուսներ ներկրում, դրա մասին չէին խոսում: Ներկրողներից ոմանք ասացին, որ կարող է քսան օրվա կամ մեկ ամսվա ընթացքում ևս ավտոբուսներ ներկրվեն: Սա ինձ թվում է` բարի գործ է»,- «Ա1+»-ին ասաց քաղաքապետը:
Թեև նոր ավտոբուսներն ավելի հարմարավետ են, սակայն ուղևորները կրկին չեն կարող խուսափել ծանրաբեռնված երթևեկելուց: Այս երեւույթի վերաբերյալ վարորդներն ունեն իրենց բացատրությունը: «Այնպիսի ժամար կան, որ մարդիկ ուզում են շուտ տուն գնան: Հիմա էդ մարդուն ինչպես կարող ես ասել` չէ, մի նստիր, որովհետև տեղ չկա»,- պատճառաբանում է վարորդներից Վյաչեսլավ Ղազարյանը։
Նախկին 100 համարի երթուղայինի փոխարեն այսօր 47 համարի ավտոբուսն է սպասարկում ուղևորներին: Արսեն Խաչատրյանը վարում է հենց այս համարի ավտոբուսներից մեկը: Ասում է` թեև երթուղայինները փոխարինվել են, սակայն դրանից չեն նվազել վարորդների խնդիրները: «Վառելիքի ծախսն է շատ, պլաններն են շատ»,- ասաց Արսենը։
Ուղևորներին սպասարկելու համար, օրինակ այն ավտոբուսին, որ վարում է Արսենը, օրվա ընթացքում անհրաժեշտ է հիսուն լիտր վառելիք: Իսկ դա արժե ավելի քան 25 հազար դրամ, որը վարորդն է գնում։ Հենց դա է պատճառը, որ վարորդները որքան հնարավոր է, շատ ուղևորներ են վերցնում ճանապարհին՝ նաեւ ոչ կանգառներից:
«Որ կարողանանք հասցնել համ մի երկու կոպեկ փող աշխատել, համ էլ ուղևորներին տեղ հասցնենք»,- ասաց 47 համարի ավտոբուսի վարորդը։