«Սիվիլիթասի» նկատմամբ ճնշումներն ավելացել են (տեսանյութ)
Լրացել է տաս ամիսը, ինչ Ազգային անվտանգության ծառայությունը Սիվիլիթաս հիմնադրամի նկատմամբ հետաքննություն է սկսել:
Հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանն ասում է` վերջին մեկուկես ամսվա ընթացքում իրենց նկատմամբ ճնշումներն ավելի են մեծացել: Հարցաքննվել են աշխատակիցներից շատերը: Ստուգվել են անգամ ավտոլվացման և վառելանյութի կտրոնները:
«Մի քանի շաբաթ առաջ մեր հաշվապահական ընկերությունը հայց ստացավ, որտեղ խնդրում էին տեղեկացնել, թե մեր 40-ից ավելի ծրագրերի և նվիրատվությունների գումարները ինչպես են ծախսվել, տնօրինվել հիմնադրամի կողմից»,- ասաց Սալբի Ղազարյանը:
Հիմնադրամի տնօրենը նաև նշեց, որը ԱԱԾ-ի կողմից հոգեբանական ճնշումները շարունակվում են ոչ միայն իրենց աշխատակիցների, այլև այն երիտասարդների նկատմամբ, ովքեր մտահոգված են Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությամբ:
«Այն երիտասարդների նկատմամբ, որոնք մաստակցել են այն ստորագրահավաքին, որը մենք ուղղել էինք դատախազին` խնդրելով դադարեցնել այս ամենը»,- մանրամասնեց տիկին Ղազարյանը:
Փաստաբան Վահե Գրիգորյանն էլ կարծում է` նախաքննության նպատակները որևէ կերպ չեն համապատասխանում քրեական դատավարության նպատակներին, որոնք նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ:
«Դրանք ավելի շատ համապատասխանում են որպես Սիվիլիթաս ընկերության կողմից արտահայտվելու ազատության նկատմամբ քողարկված միջամտություն»,- ասաց Վահե Գրիգորյանը:
Ըստ փաստաբանի` աննախադեպ երևույթ է այն, որ 10 ամիս շարունակ ԱԱԾ-ն նախաքննություն է իրականացնում ոչ կառավարական կազմակերպության գործունեության վերաբերյալ` գործընթացում ներգրավելով նաև հարկային մարմիններին, որոնք վերջնական եզրակացության այդպես էլ չեն տվել:
Լրագրողների հետ այս հանդիպմանն այսօր ներկա էին մի շարք երկրների արտակարգ և լիազոր դեսպաններ` ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեցարիայի, Նորվեգիայի, Լեհաստանի:
Նրանք հավատացած են, որ այն հարցաքննությունները, որոնք կատարվում են հիմնադրամի նկատմամբ, Հայաստանն էապես վնասում է միջազգային հարթակում իր դրական իմիջին: «Գերմանիայում դատախազությունն ու ոստիկանությունն են զբաղվում նման հարցերով: Առ այսօր ես իրական հիմքերի մասին տեղյակ չեմ: Մի գուցե այդքան փաստաթղթեր են պահանջում` ակնկալելով, որ մի բան ի հայտ կգա: Մենք կուզեինք, որ հակառակը տեղի ունենար»,- ասաց Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը: