Ո՞ւմ հետ կհամագործակցի «Ժառանգությունը»
Վաղը` մարտի 21 -ին, «Ժառանգություն» կուսակցությունը ԿԸՀ կներկայացնի ավագանու անդամների իր ցուցակը։ Ազատության հրապարակում այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
«Ժառանգության» մամուլի խոսնակը նշեց նաեւ, որ անկախ Սերժ Սարգսյանի հայտարարություններից, իրենք շարունակելու են պայքարը, քանի, որ այն օրինական է. «Մենք հիմա պայքարում ենք հանուն արդարության ու կատարում ենք սահմանադրական հեղափոխություն»,- ավելացրեց նա:
Անդրադառնալով Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե ինքնաբացարկի թեման ՀՀԿ-ի համար փակված է, Խուրշուդյանը ասաց. «Ես կարծում եմ, որ ժողովրդի համար այդ թեման փակված չէ, ավելին այն շուտով լուծում է ստանալու»:
«Ժառանգության» այսօրվա պայքարը Հովսեփ Խուրշուդյանը որակեց, որպես քաղաքական ու հավաստիացրեց, որ այն կավարտվի միայն հաղթանակով: «Երեւանի ավագանու ընտրությունները եւս այդ պայքարի մի մասն են կազմում: մենք փորձելու ենք հաղթել այդ պայքարում:
Նա ավելացրեց նաեւ, որ կուսակցությունը պատրաստ է հանուն արդարության վերականգնման գործակցել ցանկացած ընդիմադիր ուժի հետ: « Պայմանը մեկն է, այդ ուժը, իսկապես պետք է մտահոգված լինի պետության համար, այլ ոչ թե ձևացնի, թե մտահոգ է»,- ասաց նա: