Ինչի՞ց է առաջացել «գաղջ մթնոլորտը» (տեսանյութ)
«Հետընտրական զարգացումները կեղծված ընտրություններին հաջորդած բնականոն գործընթաց են, որը ոչնչի չի հասցնի»,- կարծում է նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը:
Նրա գնահատմամբ՝ «Րաֆֆի Հովհաննիսյանի առաջ այսօր 3 ուղի կա: Մեկը ուժային իշխանափոխությունն է, մյուսը հրապարակում շարունակական դիմակայումը, որը վերջիվերջո կցրվի իշխանության կողմից, իսկ վերջինը համաձայնության գալն է: Դատելով վերջին դեպքերից՝ կարող ենք ասել, որ իշխանությունը առաջարկելու հատուկ բան չունի Րաֆֆի Հովհաննիսյանին»։
Նախագահի նախկին թեկնածուի կյարծիքով Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը ուշացած է և արդեն անիմաստ. « Գործելու պահը արդեն վաղուց անցել է, և միակ խնդիրը արդեն դեմքը պահելն է։Եթե իշխանությունը ցանկանա, Րաֆֆի Հովհաննիսյանը կպահի իր դեմքը, եթե չցանկանա՝, չի պահի» ։
Արման Մելիքյանի համար անբացատրելի է այն, թե ինչու այն կուսակցությունները, որոնք հրաժարվեցին մասնակցել նախագահական ընտրություններին մեծ եռանդով փորձում են մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին. « Ոչինչ չի փոխվել նախագահի ընտրություններից հետո և նույն կեղծիքներն են լինելու նաև այդ ընտրություններում և այդ ուժերին կարելի է հարց բարձրացնել, թե ինչու չմասնակցեցին կեղծվելիք նախագահական ընտրություններին և պատրաստվում են մասնակցել կեղծվելիք քաղաքապետի ընտրություններին»:
Արման Մելիքյանը անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսին և ընդգծեց, որ ուշագրավ էր հատկապես արտագաղթի մասին Սերժ Սարգսյանի կարծիքը . «Պարզվեց, որ արտագաղթը, ոչ թե անարդարության արդյունք է, այլ գաղջ մթնոլորտի, մնում է հասկանալ, թէ ինչից է առաջացել այդ գաղջ մթնոլորտը։ Սերժ Սարգսյանի մտքին հետևելու դեպքում՝ դա ժողովրդի բնատուր հատկությունն է»։