Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մ. Մովսեսյան. «Ես ունեմ իմ «Ա1+» «կուսակցությունը»»

Քաղաքականություն
7ad3188d1e64c3ff68a244fa477b357d

Հարցազրույց  «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հետ։

  -Պարոն Մովսեսյան, Դուք հանդես եկաք Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցող հայտարարությամբ, դրանից երկու օր անց մամուլում լուրեր տարածվեցին, որ դուք  Երեւանի ավագանու «Ժառանգության» ցուցակում բավականին  պատվավոր տեղ եք զբաղեցնում: Սրանք մեկը մյուսի հետ կապ ունեցող իրադարձություննե՞ ր են: 

 -Նամակը գրվել է այն ժամանակ, երբ ես դեռ գաղափար չունեի հնարավոր ցուցակի մասին: Ես ընդհանրապես տեղյակ չեմ եղել, եւ միայն լրատվամիջոցներից եմ իմացել, որ գոյություն ունի ցուցակ, որում ես ընդգրկված եմ: Աջակցության նամակը գալիս է նրանից, որ ես իսկապես մտահոգված եմ երկրում տիրող քաղաքական ճգնաժամով, որովհետեւ եւս մեկ ցնցում եւ Հայաստանն այլեւս չի դիմանա դրան:

Ես շատ բարձր եմ գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը, եւ հպարտանում եմ, որ Հայաստանը ունի այդպիսի քաղաքացիներ' մտահոգված երկրի այսօրվա խնդիրներով եւ ապագայով:  Բայց քաղաքական ճգնաժամի լուծման ճանապարհը, որը դեռ հստակորեն չի առաջարկում ոչ ոք, ինձ մտահոգում է: Մեր երկիրը, որը ոչ մի կերպ չի կարողանում ազատվել ցնցումներից, ունեցել է մի շարք նախագահներ, որոնց վստահել եւ ձայն է տվել մեր հասարակությունը, եւ նրանց միայն մի մասն է պաշտոնավարել։  Նրանք են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Վազգեն Մանուկյանը։ Ռոբերտ Քոչարյանը, որ չի ընտրվել, բայց նախագահել է, երկիրը տարել է կործանման, եւ այն, ինչ ունենք այսօր' հենց  Քոչարյանի թողած ժառանգությունն է։ Սերժ Սարգսյանը չի կարողանում ոչ մի կերպ ազատվել քոչարյանական ժառանգությունից եւ չի էլ պատկերացնում ապագա զարգացումները: Ես կառաջարկեի, որ բոլոր այդ մարդիկ, ում վստահել է մեր հասարակությունն իր ճակատագիրը, հավաքվեին եւ ելքեր փնտրեին երկիրն անկումից փրկելու, այս վիճակից հանելու համար: Այն մարդիկ, ովքեր տարբեր ժամանակ պատճառ են եղել ցնցումների, թող հավաքվեն, ամբիցիաները մի կողմ դնեն, նստեն, մտածեն, իրենց փչացրածը շտկելու ուղղությամբ առաջարկություններ անեն:

 -Բայց այդտեղ մարդիկ կան, որոնք ուղղակի իրար չեն հանդուրժում:

-Դա ինձ չի հետաքրքրում: Ինձ ընդհանրապես չեն հուզում նրանց համակրանքներն ու հակակրանքները, իրենց ամբիցիաներն ու հույզերը, ինձ հետաքրքրում է ժողովուրդը, նրա վիճակը եւ արտագաղթի ահագնացող ծավալները: Մնացածը ինձ չի հուզում:

-Ձեր առաջարկը, ասենք, Գագիկ Ծառուկյանին վերաբերո՞ւմ է:
-Ոչ: Ես նրան չեմ տեսնում այդտեղ, պատասխանատվություն են կրում այն մարդիկ, ովքեր ոչ լեգիտիմ, կամ լեգիտիմ ճանապարհով ընտրվել են նախագահներ, եւ իրենց լուման ու մեղքն են ունեցել մեր երկրի այսօրվա վիճակի համար: 

-Բայց, օրինակ, ի՞նչ պատասխանատվություն կարող են ունենալ այն մարդիկ, ովքեր ընտրվել, բայց չեն պաշտոնավարել. օրինակ' Ստեփան Դմիրճյանը:

-Այս տարիների ընթացքում երկրում տեղի ունեցած ամեն մի ցնցում իր բացասական ազդեցությունն է ունեցել, որը հանգեցրել է այսօրվա ճգնաժամային իրավիճակին: Եթե ժողովուրդը ոտքի է կանգնել ու հավատացել է Ստեփան Դեմիրճյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, ուրեմն նրանք պատասխանատվություն են կրում այդ ժողովրդի առջեւ, ինչո՞ ւ չհաջողվեց վերցնել իշխանությունը: Թող շտկեն այդ վիճակը եւ նա, եւ Դեմիրճյանը, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Թող շտկի իր սխալները Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, որը պղծել է այս երկիրը։

-Իսկ ավելի պակաս տոկոսներ հավաքած թեկնածունե՞րը:

-Ոչ, իմ առաջարկը վերաբերում է քաղաքական զարգացումների առանցքային դերակատարներին: Ժողովրդին ամեն անգամ ոտքի հանել, հետո տուն ուղարկելն անիմաստ խաղ է, ոչ մի տեղ չտանող ճանապարհ:

-Կարծում եք ընդհանուր լեզու կհաջողվի՞  գտնել:

-Դա իրենց խնդիրն է: Իրենք պետք է ուղեղով, սրտով եւ հոգով զգան, որ դա միակ ճանապարհն է: Եթե լիդեր են եղել ինչ-որ ժամանակ, կապ չունի ղեկավարել են, թե ոչ' պատասխանատու են այսօրվա վիճակի համար: Ռոբերտ Քոչարյան, ինչո՞ ւ թալանվեց երկիրը, ի՞ նչ կարելի է անել, որ ետ բերել թալանածն ու շտկել վիճակը, մինչեւ ե՞ րբ պետք է ոչ մեկը չկրի պատասխանատվություն:

-Պարոն Մովսեսյան, ենթադրենք, Ձեզ ընդգրկեցին «Ժառանգություն» կուսակցության ավագանու ցուցակում, արդյո՞ ք ընտրվելու դեպքում պատրաստ եք գնալ եւ քաղաքային իշխանության մաս կազմել:

-Ես սա համարում եմ ոչ թե «Ժառանգության» ցուցակը, նաեւ գիտեմ, որ դա կուսակցական ցուցակ չէ, այլ մի ցուցակ, որը մինչեւ վերջնական հաստատումը ներկայացվելու է ժողովրդական քվեարկությանը:  Ես երախտապարտ եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գնահատում է իմ փոքր անձը ։ Սակայն ես ուրիշ գործով եմ զբաղված եւ բացարձակապես ներգրավված չեմ նման աշխատանքների մեջ: Միեւնույն ժամանակ, ասեմ, որ միշտ ժողովրդի կողքին եմ, եթե հասարակությունը պահանջել է եւ կպահանջի իմ ներկայությունը որեւէ գործի մեջ, ես պատրաստ եմ: Ես միայն այդ դեպքում եմ ընդունում որեւէ ցուցակի գաղափար:

 Այն ցուցակը, որ շահարկվում է այս օրերի ընթացքում, ինձ համար շատ անհասկանալի է, որովհետեւ նույն «Ժառանգությունը» հայտարարում է, որ պատրաստի ցուցակ չունի, նրանք շատ մանրակրիտ աշխատում են դրա վրա: Ժամանակից շուտ ինչ-որ անուններ տալ, շահարկումներ անել, այս մարդն արժե, մյուսը' չարժե, անիմաստ խոսակցություններ են: Սպասենք պատրաստի ցուցակների պաշտոնական հրապարակմանը, նոր կարող են պարզաբանումներ ակնկալվել:

 -Այսինքն, ճի ՞շտ եմ հասկանում, եթե կուսակցական ցուցակ լինի, Դուք չե՞ ք համաձայնի, եթե հասարակական ցուցակ է, ապա կարող է մտածեք։

 -Ես իմ կյանքում երբեւէ կուսակցական չեմ եղել, միշտ անկուսակցական եմ եղել եւ այսօր էլ մնում եմ այդպիսին: Բայց ինչով կարողացել եմ'բոլորին էլ միշտ օգնել եմ: Դա չի նշանակում, որ այս կամ այն կուսակցության համակիր եմ: Ես այսօր էլ պատրաստ եմ ամեն կերպ աջակցել Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետեւ տեսնում եմ, որ նա ազնիվ պայքարի մեջ է, բայց դա չի նշանակում, որ «Ժառանգության» անդամ եմ: Ոչ, ես «Ժառանգական» չեմ եւ չեմ էլ լինի: Ես ունեմ իմ   «Ա1+» «կուսակցությունը», իմ աշխատանքը, իմ նպատակներն ու դրսեւորման հարթակը: Եթե ժողովրդին, իհարկե,  պետք է, որ ես նաեւ այլ գործունեությամբ զբաղվեմ, պատրաստ եմ ժողովրդին ծառայել:

 Զրուցեց Դիանա Մարկոսյանը