Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահներից ում ինչպես են հիշում (տեսանյութ)

Քաղաքականություն
cd634ec7816b13b5c681ec49a4914a07

Հայաստանի նախագահներից որեւէ մեկը չի հրաժարվել երկրորդ անգամ առաջադրվելու սահմանադրական հնարավորությունից։
1991թ առ այսօր՝ ՀՀ նախագահի 6 ընտրություն, եւ ընդամենը երեք նախագահ։

Իսկ ինչո՞վ են մնալու պատմության մեջ ՀՀ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Ի՞նչ ասոցիացաներ են առաջացնելու սերունդների մոտ այս կամ այն նախագահի կառավարման շրջան արտահայտությունները:

Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ նախագահ ընտրվեց 1991-ի հոկտեմբերի 16-ին, սակայն, փաստացի երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1990-ի օգոստոսի 4-ից, երբ ընտրվեց Գերագույն Խորհրդի նախագահ:

Տեր-Պետրոսյանը նախագահի պաշտոնում վերընտրվել է 1996-ի սեպտեմբերի 22-ին, իսկ 1998-ի փետրվարի 3-ին հրաժարականի դիմում ներկայացրել` դառնալով ՀՀ ոչ միայն առաջին նախագահը, այլեւ առաջինն ու առայժմ միակը, որ պաշտոնին հրաժեշտ է տվել վաղաժամ:

Նրա կառավարման տարիները հակասական զգացմունքներ եւ ասոցիացիաներ են առաջացնում: Շատ քաղաքագետներ, վերլուծաբաններ բնութագրում են Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանը որպես խավարի եւ ցրտի տարիներ, երբ Հանրապետությունը զրկված էր գազից, էլեկտրամատակարարումից եւ այլն:

Վերլուծաբանների մի մասն էլ փաստարկում է, որ Տեր-Պետրոսյանն իշխանությունը ստանձնեց անբարենպաստ պայմաններում, երբ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից անօթեւան մնացած բազմահազար մարդիկ կային, նաեւ` Ադրբեջանից տեղահանված անօթեւաններ, իսկ Հայաստանը ներքաշվել էր Ադրբեջանի պարտադրած պատերազմի մեջ:
Մասնագետների այս խումբը Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիները համարում է հաղթանակի շրջան: Իսկապես էլ 1994-ի մայիսի 12-ին, մի շարք հայկական տարածքների ազատագրումից հետո, Հայաստանը հասավ հրադադարի պայմանագրի կնքմանը:

Դրանից հետո` 1996-ին, երկրում վերականգնվեց շուրջօրյա էլեկտրամատակարարումն եւ սկսեց աշխատել տնտեսությունը:

Տեր-Պետրոսյանի կերպարը հակասական է նաեւ ժողովրդավարական արժեքներին նվիրվածության տեսանկյունից: Մի կողմից նա 1991-ին նախագահ է ընտրվել առայժմ ամենաարդարը համարվող ընտրություններում: Մյուս կողմից, սակայն, նրա անվան հետ են կապվում նաեւ առաջին կեղծված ընտրությունները` 1995-ի ԱԺ եւ 96-ի նախագահի ընտրությունը: Տեր-Պետրոսյանի օրոք` 1994-ի դեկտեմբերի 28-ին, Հայաստանում նաեւ կասեցվեց Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունն ու փակվեցին մի շարք լրատվամիջոցներ:

Եվ վերջապես, Տեր-Պետրոսյանի մասին խոսելիս արժե հիշատակել, որ նրա ղեկավարման շրջանում`1991-ի սեպտեմբերի 21-ին, մեր պետությունը հռչակվեց անկախ եւ ունեցավ Սահմանադրություն, որն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով:

Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնը փաստացի զբաղեցրել է 1998-ի փետրվարի 4-ից, երբ նշանակվեց նախագահի պաշտոնակատար։
Քոչարյանի պաշտոնավարման հատկապես 2-րդ շրջանն աչքի ընկավ տնտեսական աճի ցուցանիշներով` մի քանի տարի շարունակ Հայաստանն ապահովում էր երկնիշ տնտեսական աճ:

Մասնագետների գնահատմամբ, իհարկե, տնտեսական աճ երաշխավորելու համար Քոչարյանի ղեկավարման տարիներն օբյեկտիվորեն բարենպաստ էին` նա ստանձնեց երկրի ղեկն այն բանից հետո, երբ պատերազմում հրադադար էր կնքված, տնտեսությունն էլ բնականորեն սկսել էր աշխուժանալ: Քոչարյան նախագահի ամենավիճարկելի նաձաձեռնություններից է «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը։ Այս բանաձեւով պարտքի փոխարեն ՌԴ-ին հանձնվեցին հայկական արտադրական ձեռնարկությունները: Տնտեսագետներն իրարամերժ կարծիքներ ունեն այս նախաձեռնության արդյունավետության վերաբերյալ:

Քոչարյանի տարիներից հիշատակման է արժանի այն փաստը, որ ԼՂ-ն հեռացվեց բանակցությունների սեղանից եւ իբրեւ հակամարտության կողմեր սկսեցին դիտարկվել ՀՀ-ն ու Ադրբեջանը: Քոչարյանի կառավարման տարիներ արտահայտության ներքո շատերը հիշում են նաեւ 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչությունը, որին զոհ գնացին ԱԺ նախագահը, վարչապետն ու 6 այլ պետական գործիչ եւ 2008-ի մարտի 1-ը, որին զոհ գնացին ՀՀ տասը անզեն քաղաքացիներ։

Սերժ Սարգսյանը պաշտոնը ստանձնեց մարտիմեկյան ողբերգությունից եւ դրան հաջորդած 20 օրյա արտակարգ դրությունից հետո՝ 2008թ ապրիլի 9-ին։

Սարգսյանի պաշտոնավարման առաջին տարիները համընկան համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին:

Տնտեսական աճի տեմպերի սաստիկ նվազում արձանագրվեց, ինչը կարելի է եւ համաշխարհային տենդենցներով բացատրել:

Սարգսյանի հիմնական ձեռնարկներից կարելի է համարել նախաձեռնողական արտաքին քաղաքականության փորձն ու ֆուտբոլային դիվանագիտության համատեքստում 2009-ի ապրիլից շրջանառության մեջ դրված հայ-թուրքական արձանագրությունները:

Սարգսյանն այդ կերպ ձգտում էր Թուրքիայի հետ հասնել առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ հայ-թուրքական սահմանի բացման: Հայաստանի քաղաքական շրջանակներում միանշանակ չընդունվեց այդ նախաձեռնությունը;
Մի շարք ուժեր, որոնցից առավել ակտիվ էր ՀՅԴ-ն, բողոքի զանգվածային միջոցառումներ սկսեցին` փաստարկելով, թե այս նախաձեռնությունը նշանակում է հայոց ցեղասպանության փաստի ուրացում եւ 1921-ի Ղարսի պայմանագրի ընդունում, որով ԼՂ-ն ճանաչվում է Ադրբեջանի կազմում:

Սարգսյանի նախաձեռնած հաշտեցման գործընթացը ձախողվեց, սակայն, որքան էլ տարօրինակ է` ոչ թե հայկական, այլ` թուրքական կողմի ջանքերով:

Սերժ Սարգսյանը պաշտոնավարման 2-րդ շրջանն սկսելու է 2013թ ապրիլի 9-ից: