Արամ Մանուկյան. «Էս ձեւի կաշ-կալամաշ...» (տեսանյութ)
Հանրապետական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը համոզված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դիակ դառնալու մտադրություններ չունի
«Դուք լսել եք, որ ինքը որոշել է մահանա՞լ»,- ասում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Հովհաննիսյանը։
Պատգամավորը տեղեկացավ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է՝ միայն իմ դիակի վրայով տեղի կունենա Սերժ Սարգսյանի երդմնակալությունը։ Արայիկ Հովհաննիսյանը հույս ունի, որ նման բան տեղի չի ունենա
«Մենք բոլորս կոչ ենք անում, որ ինքը դադարեցնի հացադուլը եւ սկսվի երկխոսություն»,- ասաց նա։
ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանին մխիթարում է այն, որ Հայաստանում հացադուլները սովորաբար ճակատագրական վերջաբան չեն ունենում. «Սա Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրությունն է, առավելեւս, որ նա մեկ երկու անգամ դիմել է այս տեսակին»։
Պարոն Շահգելդյանը չգիտի՝ կայցելի՞ հացադուլավորին, բայց եթե հանդիպեր, ուրախությամբ կարձանագրեր, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է արվում։
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը չի էլ փորձի Սերժ Սարգսյանին համոզել ընդառաջ գնալ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջներին. «Անիմաստ է, Սերժ Սարգսյանին խոսել չէ պետք, համոզել չէ պետք, բանակցել չէ պետք, ստիպել է պետք»։
Անձամբ Արամ Մանուկյան տպավորությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը հաղթանակի չի տանի, ինքը չի փորձի ուղղորդել հացադուլավորին, բայց գտնում է, որ ճնշումը պետք է ավելացնել, որ Սերժ Սարգսյանը հեռանա. «Այս ճնշման դոզայով չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը կընկրկի»։
Արամ Մանուկյանը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե ճիշտ չէ՞ր լինի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սկզբի համար ժողովրդի հետ փակեր Բաղրամյան փողոցը. «Էս պահին հրապարակն իրենցն է, թող իրենք որոշումներ կայացնեն»։
Ի դեպ, ստեղծված իրավիճակն, ըստ նրա, անգամ երեւակայել անհնար էր.
«Թեկնածուներից մեկը կրակված հիվանդանոցում է, թեկնածուներից մեկը ԿԳԲ-ի պադվալում է, թեկնածուներից մեկը մի կերպ հացադուլից դուրս եկավ, թեկնածուներից մեկը հացադուլ է նստել բողոքարկելու առումով, թեկնածուներից մեկն էլ չընտրված Բաղրամյան 26-ում ա։ Էս ձեւի կաշ-կալամաշ, էս ձեւի խառնաշփոթ անգամ երեւակայելն է դժվար»։