«Ամբողջ աշխարհը պետք է սպասեր»
Հանրապետական կուսակցությունը սպասում է, որ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորի Սերժ Սարգսյանին, որպես Հայաստանի վերընտրված նախագահ։ Նման հայտարարությամբ այսօր հանդես եկավ ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը։
«Ամբողջ աշխարհը շնորհավորել է արդեն ընտրված Սերժ Սարգսյանին և Րաֆֆի Հովհաննիսյանն էլ պետք է ընդունի ընտրության ադյունքներն ու շնորհավորի նախագահի վերընտրումը», - ասաց ՀՀԿ - ական պատգամավորը։
Այս տեսակետի հետ համամիտ չէր ասուլիսին ներկա մյուս բանախոս բլոգեր Իզաբելլա Աբգարյանը. «Ձեր ասած՝ ամբողջ աշխարհը պետք է սպասեր, որ ավարտվեին երկրի ներսում ընթացող զարգացումները և միայն դրանից հետո որոշեր արդյոք պետք է շնորհավորել, թէ ոչ» ։
Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր կյանքը դնում է զոհասեղանին, որովհետև իշխանության կողմից, ոչ մի արձագանք այդպես էլ չեղավ. «Եթե Մուհամեդը չի գնում սարի մոտ, ուրեմն սարն է գալիս Մուհամեդի մոտ, և ես զգուշացնում եմ, որ սարն արդեն շարժվել է, իսկ ժամանակը գնում է» ։
ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը Րաֆֆի Հովվհաննիսյանի հացադուլը ընդունելի չհամարեց և կարծում է, որ նախագահի թեկնածուն պետք է սպասեր մինչև Սահմանադրական դատարանի վճիռը. «Հացադուլը դեռ վերջը չէ և կարող է նոր գործընթացի և համագործակցության սկիզբ լինել» ։
Ռուզաննա Մուրադյանի համար անհասկանալի է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի այն արտահայտությունը, որ միայն իր դիակի վրայով Սերժ Սարգսյանը կիրականացնի երդմնակալության արարողությունը. «Ամեն ինչ պետք է լուծվի երկխոսության միջոցով, որովհետև իշխանությունը երկխոսության ձեռք է մեկնել Րաֆֆի Հովհաննիսյանին» ։
Նշենք, որ «Բարեւ» շարժման ակտիվիստ Իզաբելլա Աբգարյանը ՀՀԿ-ական պատգամավորին առաջարկեց ասուլիսից հետո միասին այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն վերջինս մերժեց` պատճառաբանելով, որ հիմա շատ կարևոր հանդիպում ունի, սակայն չբացառեց, որ հետո կարող է այցելի :