Միքայել Մինասյանի կենսագրությունը ուղղեցին
Միքայել Մինասյանի կենսագրության մեջ հայտնված տարեթիվը վրիպակ է,-այս մասին «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում հավաստիացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք, որ լրագրողները երեկ հայտնաբերել էին,որ Վատիկանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի կենսագրության մեջ, որը հրապարկվել էր ԱԳՆ պաշտոնական կայք էջում, կեղծ տարեթիվ կա։
Մասնավորապես՝ ilur.am-ը գրել էր. «Մ.Մինասյանն, ըստ իր պաշտոնական կենսագրականի, 2005 թվականից առայսօր Հայաստանում Սան Մարինոյի պատվավար հյուպատոսն է: Այնինչ, ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում գրված է, որ Մինասյանը Հայաստանում Սան Մարինոյի պատվավոր հյուպատոս է նշանակվել 2008 թվականի ապրիլի 8-ին:
Ավելին, ըստ ԱԳՆ տվյալների, (թարմացված 2013-ի փետրվարին) Հայաստանի Հանրապետության և Սան Մարինոյի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2006թ. մարտի 21-ին»:
«Ամենայն հավանականությամբ տեքստը հավաքելիս, սխալ թիվ են գրել։ Ստեղնաշարի վրա 5 ու 8 իրար կողքի են։ Սա ընդամենը վրիպակ է»,- շեշտեց ԱԳՆ խոսնակը։
Րոպեներ անց, ԱԳՆ պաշտոնական կայք էջում՝ Միքայել Մինասյանի կենսագրության մեջ, տարեթիվը ուղղված էր։