Նախագահն ու վարչապետը՝ նույն առվո՞ւմ (տեսանյութ)
ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի պահանջով նորընտիր նախագահը պաշտոնն ստանձնելու օրն ընդունում է կառավարության հրաժարականը: Դրան հաջորդող տասնօրյա ժամանակահատվածում նշանակվում է վարչապետ, որից հետո էլ քսանօրյա ժամկետում ձեւավորվում է նոր կառավարություն: Ուշագրավ է հետեւելը, թե ինչ կառավարություններ ենք ունեցել ՀՀ նախագահի նախորդ հինգ ընտրություններից հետո, ինչ ճակատագիր են ունեցել այդ կառավարությունները:
1991 թ. հոկտեմբերի 16-ին կայացած ՀՀ նախագահի առաջին ընտրությունից հետո վարչապետի պաշտոնը վստահվեց Սահմանադրական դատարանի ներկա նախագահ Գագիկ Հարությունյանին, որն այդ պահին նաեւ ՀՀ փոխնախագահն էր: Մինչ հաջորդ նախագահի ընտրության անցկացումը, սակայն, վարչապետի փոփոխության մի քանի դեպք արձանագրվեց:
Նախ որոշվեց, որ Գագիկ Հարությունյանը միայն ՀՀ փոխնախագահի պաշտոնը պետք է վարի, իսկ վարչապետ նշանակվեց Խոսրով Հարությունյանը, իսկ ավելի ուշ` 1993-ի փետրվարի 5-ին արդեն որոշվեց, որ վարչապետի պաշտոնում պետք է լինի խորհրդարանում մեծամասնություն ունեցող ՀՀՇ-ի ներկայացուցիչն, ու այդ պաշտոնում նշանակվեց Հրանտ Բագրատյանը, որը նախորդ բոլոր կառավարություններում փոխվարչապետի պաշտոնն էր վարել: Բագրատյանը պահպանեց վարչապետի պաշտոնը նաեւ 1995-ի ԱԺ ընտրություններից հետո:
Թեպետ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1996-ի սեպտեմբերի 22-ինախագահի ընտրությունից հետո պաշտոնավարեց ընդամենը 16 ամիս, սակայն այդ ժամանակահատվածում մեր երկիրն ունեցավ երեք վարչապետ: Ընտրությունից հետո վարչապետ վերանշանակվեց Հրանտ Բագրատյանը, որը սակայն, աշխատեց ընդամենը երկու ամիս:
Նոյեմբերին նա հրաժարականի դիմում ներկայացրեց` ենթադրաբար տարաձայնություններ ունենալով ուժային նախարարների հետ: Հարկ է ընդգծել, որ Արցախյան պատերազմի տարիներին, նաեւ` հետպատերազմական սկզբնական տարիներին ներքաղաքական կյանքում չափազանց մեծ դերակատարում ունեին ուժային կառույցների ղեկավարները, որոնք ունակ էին խնդիրներ առաջացնել ոչ միայն վարչապետի, այլեւ ՀՀ նախագահի համար:
Հրանտ Բագրատյանին վարչապետի պաշտոնում փոխարինեց Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:
Այս վարչապետի ջրերը ուժայինների հետ մի առվով չհոսեցին ի սկզբանե: Սարգսյանը, պաշտոնն ստանձնելուց շաբաթներ անց, բուժման պատրվակով լքեց Հայաստանը: Մեր երկիրն անվարչապետ մնաց մինչեւ 1997-ի մարտի 1-ը, երբ այդ պաշտոնում նշանակվեց ԼՂՀ ընտրված նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Մնացածի մասին «Ա1+»-ի ֆիլմում։