Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախարարի գործը Սարգսյանի ներկայացուցիչ լինելը չէ»

Քաղաքականություն
7ab0658aad6a8206944a4a62b84a8c6d

ՍԴ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեջլումյանն առաջարկեց անդրադառնալ Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչների հարցin՝ նշելով, որ ՍԴ են ներկայացրել շուրջ 4 կգ փաստաթուղթ, որոնց մեջ դատարանն անտեսել է կարեւոր մի հանգամանք:

Ըստ նրա՝ Վարչական դատարանի որոշմամբ Սերժ Սարգսյանն այլեւս նախկին թեկնածու է, այդ պատճառով նրա ներկայացուցիչները չեն կարող ներգրավվել այսօրվա նիստին՝ որպես երրորդ կողմ:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ որեւիցե վարչական ակտ չի կարող ազդել ՍԴ-ի գործունեության եւ որոշումների վրա. «Սերժ Սարգսյանը հղում կատարել է ՀՀ Սահամանդրության վրա ու այդպիսով ներգրավվել որպես երրորդ անձ»: Քիչ անց այս հիմքով էլ ՍԴ-ն մերժեց փաստաբան Կարեն Մեջլումյանի միջնորդությունը:

ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը հայտարարեց, որ այս հարցն իր համար եւս սկզբունքային է, քանի որ Սերժ Սարգսյանը որպես երրորդ ներգրավվել է որպես ՀՀ նախագահ. «Մինչդեռ նա ընդամենը ՀՀ քաղաքացի է ու պետական կառույցների ներկայացուցիչները չեն կարող լինել նրա լիազոր ներկայացուցիչները: Թող Արդարատության նախարարը, որը Սերժ Սարգսայնի լիազոր ներկայացուցիչ է հանդիսանում, մեր երկրում կատարի իր պարտականությունները, որոնց մեջ չի մտնում գտնվել ՍԴ-ում ու ներկայացնել Սերժ Սարգսյանի շահերը»:

Նա հայտարարեց, որ ցանկալի է, որ անձամբ Սերժ Սարգսյանը գա ՍԴ ու ներկայացնի իր շահերը. «Քանի որ կան տվյալներ, փաստեր, որոնք կարող է միայն նա ներկայացնել»:

Գագիկ Հարությունյանը վստահեցրեց, որ Հրայր Թովմասյանը ՍԴ ներկայացվել է ոչ թե որպես Արդարադատության նախարար, այլ լիազոր ներկայացուցիչ: «Պարոն Թովմասյան, դուք այստեղ որպես ի՞նչ եք ներկայանում»: «Ես այս պահին հանդես եմ գալիս որպես քաղաքացի, որն ունի իրավաբանական բարձրագույն կրթություն ու մինչեւ հինգշաբթի՝ մինչեւ այս գործի քննությունը, գտնվում եմ արձակուրդի մեջ»,- եղավ պատասխանը։

ՍԴ անդամներից Ֆելիքս Թոխյանն առաջարկեց 10 րոպե ընդմիջել ու գնալ խորհրդակցության սենյակ: Վերադառնալով՝ Գագիկ Հարությունյանն հայտարարեց, որ Կարեն Մեջլումյանի միջնորդությունը մերժվում է, իսկ Անդրեաս Ղուկասյանի միջնորդությունը դեռ կվերանայեն: